25.11.2024
Հունգարիան և Ադրբեջանը պայմանավորվել են գազամատակարարման շուրջ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն լիարժեք աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում:


Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:


«Հուսադրող են ղեկավարների հավատարմությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել արդյունավետ բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է ինչպես հումանիտար ոլորտում Վիեննայի պայմանավորվածության, այնպես էլ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին:


Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Եվրոպական Միությունը կրկին վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում՝ Հաևրավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների շրջանում վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում»,- ասված է հայտարարության։


Վիեննայում մարտի 29-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Դրական էր գնահատել հանդիպումը նաեւ Նիկոլ Փաշինյանը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով հանդիպումը նշել է, որ սա երկար ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունների հետ առաջին պաշտոնական հանդիպումն էր, որն անցել է կառուցողական մթնոլորտում: Նա նշել է նաև, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, թեեւ երկխոսության ձևաչափը չի փոխվել: