24.11.2024
Երևանում ԵՄ դեսպանատան դիմաց այրեցին ԼԳԲՏ դրոշը
prev Նախորդ նորություն

Ե՞րբ կդառնա Հայաստանի արտաքին պարտքն անվերահսկելի

Կառավարության վերջին երկու նիստերից հետո ՀՀ արտաքին պարտքը մեծացավ 450 մլն դոլարով: 153 մլն վերցվել է Ասիական զարգացման բանկից ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, ևս 300 մլն վարկը ավելացել է Եվրասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի կնքման արդյունքում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց արտաքին պարտքի հետ կապված ներկա իրավիճակը՝ վստահեցնելով, թե այն վերահսկելի է.

«42 տոկոսից փոքր-ինչ բարձր է, բայց մենք երկու ցուցանիշ ունենք՝ քանակական առումով մեկը 50 տոկոս պարտքի դեպքում մենք չենք կարող դեֆիցիտը 3 տոկոսից բարձր դնել, իսկ 60 տոկոսի դեպքում դառնում է խիստ ռիսակային: Մենք փաստորեն դեռևս այդ ցուցանիշներից հեռու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է արտաքին պարտքի վերաբերյալ շահագրգիռ վերաբերմունք չունենանք, որովհետև արտաքին պարտքն ավելանալով պետք է մեզ հետևություններ բերի, հետևությունները հետևյալն են, որ ավելի շատ նայենք դրանց ուղղվածությանը, իսկ դրանք պետք է լինեն ինվեստիցիոն վարկեր, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը, որովհետև այն վարկերը, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը, իրենց հերթին կբերեն լրացուցիչ հարկեր, որը ավելի քիչ ռիսկային կդարձնի մեր արտաքին պարտքը, և երկրորդը դա այն է, որ պետք է ավելի մեծացնել դրանց արդյունավետ օգտագործումը»:

Ֆինանսների փոխնախարարը դժվարանում է գնահատական տալ, թե այս պահին ինչքանով արդյունավետ են գործում այդ վերահսկողական մեխանիզմները, ասում է, դա իրենց ֆունկցիան չէ: Պավել Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ արտաքին պարտքի սպասարկումը ՀՀ-ի բյուջեից տարեկան խլում է 135,3 մլրդ դրամ, հայտնում է galatv.am-ը:

Հարկ է նշել, որ արտաքին պարտքի նման տեմպերով մեծացումը տեղի ունեցավ այս տարի հունիսին ԱԺ արտահերթ նստաշրջանում «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո: Փոփոխությունը ենթադրում է, որ ԿԲ-ի պարտավորվածությունները հանվում են արտաքին պարտքի կշռից, ինչը ընդդիմադիրների գնահատմամբ արվում էր պետական պարտքը մեծացնելու համար: Եվ չնայած իշխանության պնդումներին, թե այս փոփոխությունը պայմանավորված էր օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, փաստն այն է, որ փոփոխությունից հետո ընդդիմադիրների կանխատեսումները եղան, և արտաքին պարտքը շարունակում է մեծանալ: