25.11.2024
Սերժ Սարգսանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցի միջոցառմանը
prev Նախորդ նորություն

Երևանը ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Ալիեւը բողոքել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում կայացած հանդիպմանը, հայտարարել է, թե Ադրբեջանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:


«Ադրբեջանը ԼՂ կարգավորման ամենաշահագրգռված կողմն է»,-ասել է նա՝ հավելելով, որ «Երևանը սուբստանտիվ բանակցություններ վարելու լուրջ ցանկություն չի դրսևորում և ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Նա հավելել է, որ դա այնդպես է, չնայած բանակցային գործընթացում առկա դինամիկային՝ վերջին շրջանում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4 հանդիպում, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի 3 հանդիպում, հայտնում է Haqqin.az-ը Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով:


Ալիևը հավելել է նաև, որ «շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի առաջընթաց արձանագրվի բանակցային գործընթացում և ապահովվի ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:


Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը մեծապես կարևորում է անդամությունը ԵԱՀԿ-ին: Նա ասել է, որ Բաքուն ակտիվ աշխատանք է տանում և արդյունավետ գործակցություն է վարում ինչպես բուն կազմակերպության շրջանակում, այնպես էլ ԵԱՀԿ անդամ երկրների հետ:


Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը: «Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը», ասել է նա:


«Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել է Փաշինյանը։