ՀՀ-ն հետևողական ջանքեր է գործադրելու Կարեն Ղազարյանի ազատ արձակման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման «վճռի» կայացման առնչությամբ:
«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:
Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:
Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։
Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»:
Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ»: