27.11.2024
Վեց ամսում «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 860 մլն դրամ․ Հակոբյան
prev Նախորդ նորություն

Ոչ մի անձնական խնդիր, ոչ մի քաղաքական հետապնդում. Վանեցյանը հակադարձում է Քոչարյաններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չի կարող իրականացվել: Նման բան չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


«Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ, նրանք անձամբ ինձ որևէ բան չեն արել, որ ես նրանց ընտանիքի հետ կապված խնդիր ունենամ: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունեության ընթացքում ունեցել է շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, և ես որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող չեմ կարող որևէ անձնական խնդիր ունենալ այդ ընտանիքի հետ: Մի անձնավորեք այդ հարցը»,- հորդորեց նա լրագրողներին:


Անդրադառնալով այն փաստին, որ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը իր դեմ դատական հայց է ներկայացրել, Վանեցյանն ասաց, որ դա ցանկացած քաղաքացու իրավունքն է, իսկ դատավորը կորոշեի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ:


«Քաղաքական հետապնդման որևէ միտում չկա, Սեդրակ Քոչարյանի հետ կապված իրավիճակը ԱԱԾ հաղորդագրությամբ առավել օբյեկտիվ ներկայացրել ենք»,- հայտարարեց նա: Բացի այս, պնդեց ԱԱԾ տնօրենը, Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, քրեական գործի հիմքերն էլ պատշաճ ներկայացվել են: 


«Գործը հարցուցվել է փողերի լվացման մասով, մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:


Հիշեցնենք, համաձայն ԱԱԾ հաղորդագրության, Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեդրակ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ-ին՝ անմեղության կանխավարկածի խախտման համար:


Ավելի ուշ Քոչարյանի գրասենյակը հայտարարեց, որ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Վանեցյանին: