Մանիպուլատիվ թվեր. նոր ներդրումներ, թե՞ վերաներդրված եկամուտներ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը,հաշվի առնելով այն դիտարկումները, թե 2018թ.-ի երրորդ եռամսյակումՀայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 50%-ով, իրականացրել է 2017-2018թթ.-ի երեք եռամսյակների համադրելի վերլուծություն:
Ըստ տվյալների, 2018թ.-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՕՈՒՆ-ի ծավալների 48.3% աճ է արձանագրվել՝ կազմելով 75.46 մլն ԱՄՆ դոլար նախորդ տարվա 50.88 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: Կենտրոնի վերլուծաբանները նշում են, որ 2017-2018թթ. առաջին երեք եռամսյակներում ներդրումների ծավալի ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2018թ.-ի երկրորդ եռամսյակում (8.94 մլն ԱՄՆ դոլար), այսինքն 2017թ. նույն եռամսյակի համեմատ անկումը կազմել էր 69.2%: Իսկ 2018թ.-ի երրորդ եռամսյակի ՕՈՒՆ-ի ծավալը առաջին եռամսյակի համեմատ արձանագրել է 19.8% նվազում:
«ՕՈՒՆ-ի կառուցվածքի վերլուծությունից պարզ է դառնում, որ 2018թ.-ի երրորդ եռամսյակում ներդրումների մեջ հիմնականում գերակշռել է վերաներդրված եկամուտը:
Սա նշանակում է, որ ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունները նորից են ներդրել իրենց կողմից ՀՀ տարածքում ստացված եկամուտները: Փաստորեն, 2018թ.-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ի 58%-ը հենց բաժին է ընկել վերաներդրված եկամուտներին, 26%-ը՝ փոխկապակցված կազմակերպությունների միջև կիրառվող պարտքի գործիքներին, և միայն մոտ 16%-ը՝ ներդրվել է բաժնետիրական կապիտալում ուղղակի ներդրողի կողմից:
Հետևաբար կարելի է եզրակացնել, որ 2018թ.-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ի կառուցվածքում մեծ մասը չեն եղել այսպես կոչված «նոր ներդրումներ», որոնք կատարվել են նոր ընկերությունների կամ անձանց կողմից: Ավելին, ցուցանիշները փաստում են, որ 2018թ. երրորդ եռամսյակի ՕՈՒՆ-ի ծավալը, թեև արձանագրել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 48.3% աճ, իր ծավալային մեծությամբ դեռ զիջում է 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշին շուրջ 19 մլն ԱՄՆ դոլարով:
Նաև նշենք, որ ներդրումները ուղղակի ներդրողների կողմից 2018թ.-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրական աճ են արձանագրել»,- ասված է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի հաղորդագրության մեջ: