Հայաստանն ու Վրաստանը ստոագրեցին ՊՆ ոլորտում 2019 թվականի համագործակցության ծրագիրը
Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան Երեւանում ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը:
Հանդիպման արդյունքներով կայացավ ճեպազրույց, որի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպությունների շրջանակում պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Ժողովուրդների միջեւ հազարամյա բարեկամությունը, պաշտպանական, տնտեսական, մշակութային ոլորտներում սերտ կապերը կարեւոր նշանակություն ունեն եւ անհրաժեշտ է շարունակել դրանց խորացումը:
Կողմերը ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը: Նման ծրագիր է ստորագրվում 2010 թվականից, ներկայիս ծրագիրը ներառում է զինվորական կրթության, ռազմական բժշկության, սերժանտական կազմի պատրաստության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բազմաթիվ միջոցառումներ: Ավարտին նախարարը շեշտեց, որ կողմերը փոխադարձաբար հարգում եւ հավատում են ապագայում խաղաղ եւ անվտանգ Կովկասի գաղափարին:
Լեւան Իզորիան, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շեշտեց, որ կարեւորում է այցը մի երկիր, որի հետ Վրաստանն այդքան սերտ հարաբերություններ ունի: Տեղի է ունեցել հարցերի արդյունավետ քննարկում, որոնք վերաբերում են գերատեսչությունների միջեւ հարաբերությունների խորացմանը: «Ցանկանում եմ նշել համագործակցության այնպիսի նոր ուղղության մասին, ինչպիսին կարգապահության ամրապնդումն է: Վրացական կողմը պատրաստ է սրա շրջանակում հայ գործընկերներին փոխանցել իր առաջավոր փորձը»,- նշեց վրացի նախարարը:
Նա հիշեցրեց, որ վրացի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին եւ ողջունեց հայ զինվորականների մասնակցությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում անցկացվող զորավարժություններին: