26.11.2024
ՌԴ-ն ակնկալում է հարաբերությունների վերականգնման համար ԵՄ-ի իրական քայլեր. Պուտին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կարող է հայտնվել Ռուսաստանի հրթիռների թիրախում․ Պուտինի կոշտ արձագանքը

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Դաշնային ժողովին հղած ուղերձում, անդրադառնալով 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու պայմանագիրը չեղարկելու խնդրին, ասել է, որ եթե ԱՄՆ-ը Եվրոպայում հրթիռներ տեղակայի, ապա Ռուսաստանի հրթիռների թիրախում կլինեն ոչ միայն այդ հրթիռները տեղակայած երկրները, այլև Միացյալ Նահանգները: Ամեն դեպքում նա խոստացել է, որ առաջինը Ռուսաստանը չի տեղակայի հրթիռներ Եվրոպայում:


Իր ուղերձում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել սպառազինությունները, այդ թվում՝ միջուկային ռազմավարական հրթիռների ծրագրերը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի պատրանքներից, թե կարող է ռազմական առավելություն ունենալ Ռուսաստանի հանդեպ: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին նա ասել է, թե Ռուսաստանը սպառնալիք չէ Միացյալ Նահանգների համար, այլ ցանկանում է լիարժեք, հավասար ու բարեկամական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: «Ռուսաստանը չի թակի փակ դուռը, այլ կսպասի, որ գործընկերները հասունանան երկխոսության համար», - նշել է Պուտինը:


Իր ելույթի առաջին մեկ ժամվա ընթացքում Պուտինը խոսել է միայն սոցիալական հարցերից, խոստանալով, որ այս տարվա ընթացքում ռուսաստանցիները դրական փոփոխություններ կզգան: Ռուսաստանում դժգոհ են թոշակի անցնելու տարիքը երկարաձգելու իշխանությունների կատարած քայլից, որի դեմ վերջին մեկ տարվա ընթացքում բողոքի բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել ամբողջ երկրով մեկ: