24.11.2024
Գազի գինը 2019 թվականին չի բարձրանա. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու
prev Նախորդ նորություն

Ալավերդիում կատաստրոֆիկ վիճակ է. Պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են երկաթուղին

Ալավերդու պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթուղին, նրանք պատասխան են պահանջում արդեն չորս ամիս պարապուրդի մատնված գործարանի ճակատագրի վերաբերյալ։


Մարտի 1-ից գործազուրկ դառնալու վտանգի տակ կանգնած աշխատակիցները նշում են, որ անորոշ վիճակում են և որևէ լուր չունեն գործարանի սեփականատիրոջ, ՎՏԲ բանկի և կառավարության միջև արդեն չորս ամիս տեղի ունեցող բանակցությունների մասին։


«Գալիս են փակ քննարկումներ են անում, թե բաց քննարկումներ են անում, պաշտոնական պատասխան էս քաղաքը չի ստանում։ Էս չորս ամիս ա մենք չենք տենում, որ որևէ մեկն էս հարցով զբաղվում ա։ Տարբեր տեսակետներ, տարբեր պատասխաններ ենք ստանում՝ ոչ պաշտոնական, մի կողմը ասում է՝ «ես պատրաստ եմ աշխատելու, խոչընդոտներ կային», մի կողմն ասում է՝ «ես ասում եմ՝ աշխատի, ինքը չի աշխատացնում», - ասաց աշխատակիցներից մեկը, հայտնում է Ազատությունը։


Գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում «Վալլեքս» ընկերության խոշոր պարտքի դիմաց։ Ավելի քան 500 աշխատակիցները վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով։ Եթե եռակողմ բանակցություններն արդյունք չտան և գործարանն անցնի ՎՏԲ բանկին, ինչն ամիսներ առաջ տեղի ունեցավ Թեղուտի հանքավայրի հետ, ապա մարտի 1-ից շուրջ 500 աշխատակիցներ գործազուրկ կդառնան։


«Մենք մեր աշխատանքն ենք ուզում պահանջենք, որ մենք աշխատենք ու Ալավերդին շարունակի ապրել», - նշեց մեկ այլ աշխատակից։


Այսօր հարցի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Այվազյանը Ազգային ժողովում հարց ուղղեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի պատասխանը, մինչդեռ, չգոհացրեց բողոքի ակցիայի մասնակիցներին։


«ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս Գրուպ» ընկերությանը տվել է 380 միլիոն դոլարի վարկ, և ըստ ամենայնի՝ այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության, և հիմա եկել է ժամանակ, երբ որ Թեղուտի հանքավայրը, «Վալլեքս Գրուպ» ընկերությունը այդ վարկը չի կարողացել սպասարկել, այսինքն՝ 380 միլիոն դոլարը վերցրել են և չեն կարողացել սպասարկել էդ վարկը, որից հետո այդ ընկերությունը սնանկացել է կամ սնանկացման ճանապարհին է։ Եվ էնտեղ կան շատ խուճուճ և խառնված գրավների, պարտավորությունների համակարգ, և հիմա խնդիրը կայանում է նրանում, որ էլի «Վալլեքս»-ի և ՎՏԲ-ի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել, և էդ բանավեճը, մենք էլ պետք է օգնենք, որ հնարավորինս արագ կարգավորվի», - ասաց Փաշինյանը։


«Ժողովրդին էս անորոշությունից հանելու պատասխան էր պետք, բայց անորոշության մեջ կոխեցին։ Վարչապետի պատասխանը հավասար էր, որ՝ «սպասեք, անժամկետ սպասեք»։ Թող վարկերը սառեցնեն, սպասենք, թող մի հատ ապրելու միջոց առաջարկեն, սպասենք, ինչի՞ն սպասենք», - ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը։


Գործարանի աշխատակիցներին հանդիպեցին նաև Լոռու մարզպետն ու ոստիկանության մարզային վարչության պետը։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց, որ երեկվանից գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը բանակցությունների սեղանին նոր առաջարկ է դրել, առանց մանրամասնելու, թե ինչ բովանդակությամբ։ Մարզի ղեկավարն ակնարկեց, որ բողոքի ծայրահեղ քայլերը կարող են ուղղորդված լինել գործարանի տնօրինության կողմից։ Սա ճնշում է կառավարության վրա ընկերության պահանջները բավարարելու նպատակով, նշեց մարզպետը։


«Եթե մի կողմը անընդհատ գնում է զիջումների, մյուս կողմը չի գնում, դա բանակցություն չի, դա շանտաժ է կոչվում, հետևաբար՝ նման ձևով հարցը չի լուծվում և չի լուծվելու։ Մի քանի կողմեր կան էստեղ, ձեզ մի փոքր մոլորեցնում են։ Դուք կառավարության հետ խնդիր չունեք, ձեր խնդիրը կառավարությունը չի և պրոբլեմը կառավարությունում չի», - դիմելով ակտիվիստներին՝ նշեց Անդրեյ Ղուկասյանը։


Երկաթուղին բացելու մարզի ղեկավարի հորդորներն արդյունք չտվեցին։ Ակցիայի մասնակիցները վրան են տեղադրել և ասում են, թե գիշերելու են երկաթգծի վրա, քանի դեռ կոնկրետ պատասխան չեն ստացել։


Հիշեցնենք, գործարանն անցած տարիներին արտանետումների թույլատրելի սահմանաչափը գերազանցել է մինչև 7 անգամ։ Գործունեությունը դադարեցնելուց հետո սեփականատերերը կառավարությունից պահանջում են թույլատրել աշխատել արտանետումների նույն չափով: