ԵԿՄ վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք: Հավաքին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ, ինչպես նաեւ երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարներ, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:
Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը եւս ներկաներին կոչ է արել համախմբվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները:
ԵԿՄ-ն շատ կարևոր ֆունկցիա ունի ՀՀ-ի պես երկրում, որը պատերազմական վիճակում է գտնվում Ադրբեջանի հետ: Մինչ այս պահն ԵԿՄ-ն գլխավորում էր Մանվել Գրիգորյանն, ով այս պահին կալանավորված է և ԵԿՄ-ն բավականին թուլացավ ու իմիջային վնասներ կրեց գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործի պատճառով:
ԵԿՄ-ն միավորում է ղարաբաղյան պատերազմի վետերաններին, ազատամարտիկներին: Այն շատ կարևոր ռազմականացված միավորում է ու օպերատիվ մոբռեզերվ բանակի համար:
Զինված ուժերի հետ սերտորեն կապված ԵԿՄ-ն ապրիլյան քառօրյայի ժամանակ մեկնեց Արցախ ու օգնեց առաջնագծում կանգնած զինվորներին թե’ ռազմական իմաստով, թե’ բարոյական` ոգևորելով 18 ամյա զինվորներին:
ԵԿՄ-ն, ունենալով իր մասնաճյուղերը ՀՀ-ի բոլոր մարզերում, ցանցային բնույթ կրելով, հնարավորություն ունի պատերազմական պայմաններում կատարել կարևորագույն ֆունկցիաներ` օգնել բանակին առաջնագծում, ինչպես նաև թիկունքային ծառայություն իրականացնել:
Պետական, ազգային անվտանգության տեսանկյունից ԵԿՄ կարևոր կառույց է և այն չի կարելի կազմաքանդել: Սասուն Միքայելյանը հանդիսանալով ազատամարտիկ, հրամանատար ու պատերազմով անցած ռազմական գործիչ, թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին էր: Նա ունի մեծ վարկանիշ թե’ ազատամարտիկների շրջանում, թե’ հասարակության ընկալման մեջ, որպես հեղափոխության ակտիվ մասնակից ու Նիկոլ Փաշինյանի դաշնակից և կուսակից:
ԵԿՄ-ի ռեստարտի և ներսում բարեփոխումների առումով կարևոր է, որ այդ կառույցը գլխավորի այն թեկնածուն, ով ունի թե’ իշխանությունների, թե’ ազատամարտիկների ու հանրության աջակցությունն ու ղարաբաղյան պատերազմի փորձ: