24.11.2024
Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չԷ․ ԲՀԿ-ն կարող է դեմ քվեարկել գործադիրի ծրագրին
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Արցախի ժողովուրդը պետք է մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին, քանի որ Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին այս ամիսներին եղել է հայկական կողմի կարեւոր մոտեցումներից մեկը։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական ղեկավարությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության հայտարարություններին արձագանքում է հետեւյալ կերպ. եթե հայկական կողմը բանակցություններին ներգրավի ԼՂՀ-ն, ապա Բաքուն, իր հերթին, կպնդի, որ դրանց մասնակցի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը։


«Իրականում Ադրբեջանի այս դիրքորոշումը կարիք ունի լրջագույն պարզաբանումների։ Բանն այն է, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքն այս ամբողջ ընթացքում մասնակցել է բանակցություններին։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այս ամբողջ ընթացքում Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են, հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահն ընտրվել է այդ թվում նաեւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից»,- ասել է Փաշինյանը, փոխանցում է news.am-ը։


Այսպիսով, Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը եւ խորհրդարանն ունեն մանդատ, որպեսզի բանակցություններ վարեն այդ քաղաքացիների անունից։ Ընդ որում՝ նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումը «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցության վերաբերյալ՝ բանակցություններում մի շարք հարցեր է առաջացնում։ «Մասնավորապես, արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները լիազորված չեն ներկայացնելու ամբողջ ադրբեջանական պետությունը բանակցություններում։ Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց երկրի ղեկավարությունն իրավասու չէ ներկայացնել բանակցություններում, ուրեմն հարց է ծագում՝ իրավասո՞ւ է արդյոք ղեկավարությունը ներկայացնել մնացած փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Եթե ոչ, ապա այդ ի՞նչ մանդատով է Ադրբեջանի կառավարությունն առհասարակ մասնակցում բանակցություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու կոնկրետ ձեւերն ու մեթոդները։ Այդ մեթոդները եւ ձեւերը, ըստ նրա, կքննարկվեն Հայաստանի միջազգային գործընկերների հետ։