24.11.2024
Կառավարության համար առանցքային է ՀՀ տնտեսության ներառականությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Տնտեսական հեղափոխությունը կիրականացվի նույն գործիքակազմով, ինչ քաղաքականը. վարչապետ

Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ըստ նրա, իր կուսակցության կարևորագույն մեսիջն այն էր, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնը անհատի վերափոխումն է։ Եվ այսօր էլ ասում են, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևոր գործոններից մեկը անհատական ջանքն է, առանց որի չի կարող լինել որևէ փոփոխություն:


«2018-ի ապրիլ-մայիսին մենք կարողացանք ի ցույց դնել մեր կամքը ու դառնալ ՀՀ հպարտ քաղաքացու կամքի երաշխավորը։ Այդ հաղթանակի համար զինված հարձակում գործելու անհրաժեշտություն չեղավ։ Մենք կարողացանք գործի դնել նոր տեխնոլոգիաները, մասնավորապես, Facebook ցանցի ուղիղ եթերները: Քաղաքական հեղափոխությանը մենք գործի դրեցինք նաև ֆինանսական միջոցների հավաքագրման մեթոդը, ինչով հնարավոր եղավ համախմբել բոլոր հայերին՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Եվ, ի վերջո, մեր քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ այն մեկ պարզ պատճառով, որ մեր քաղաքական թիմը որևէ ֆինանսական, քաղաքական պարտավորություն չունի որևէ անհատի, որևէ ուժի, որևէ շրջանակի առաջ։ Սա Հայաստանի ու նրա ժողովրդի ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոնն է։ Եվ մենք մտադիր ենք ժողովրդի տված մանդատը կիրառել Հայաստանում իրական տնտեսական փոփոխություն հարուցելու համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Նա նորից կրկնեց՝ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը և պետք է անցնի այն նույն ճանապարհներով, ինչ անցավ գարնանը քաղաքական հեղափոխությունը։ Փաշինյանը վստահ է, որ տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը.


«Հետևաբար կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ: Եվ հենց այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ տնտեսական ակտիվիստ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։