24.11.2024
Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել է Իրանի 2 քաղաքացի. ՔԿ
prev Նախորդ նորություն

Կառավարության համար առանցքային է ՀՀ տնտեսության ներառականությունը. Փաշինյան

Կառավարության տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը: Դա նշանակում է, որ երկրի տնտեսական աճը և դրա մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից: Եվ մեր նպատակն է ստեղծել տնտեսական այնպիսի համակարգ, տնտեսության այնպիսի մոդել, որ համախառն ներքին արդյունքի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ և քաղաքացիներ  և նրանց ազդեցությունը տնտեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոնացված, հնարավորինս սփռված: Այս մասին Ազգային Ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: խորհրդարանում ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:


«Սա չի նշանակում, թե մեր պատկերացմամբ երկրում խոշոր ընկերություններ չպետք է լինեն կամ մենք բացասական ենք վերաբերվում խոշոր ընկերություններին: Հակառակը՝ մենք հույս ունենք, որ խոշոր ընկերությունների թիվը շարունակաբար կմեծանա, բայց մյուս կողմից համախառն արդյունքի վրա առանձին վերցրած ընկերությունների կամ մեկ ընկերության ազդեցությունը էական չի լինի: Այդ ազդեցությունները հավասարակշռված կլինեն այլ ընկերությունների գործունեությամբ, և, որ առավել կարևոր է՝ միկրո, փոքր և միջին բիզնեսով»,- ներկայացրեց նա:


Փաշինյանը հայտարարեց, որ  կառավարության տնտեսական նպատակադրումների մեջ կա շատ կարևոր շեշտադրում, այն է՝ իրենք չեն ուզում, որպեսզի միկրոբիզնեսը, փոքր բիզնեսը մնան այդպիսին. «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսական այդ շերտերի միջև լինեն հաղորդակցության ուղիներ, և մեր տնտեսության ծավալներն աճեն, և միկրո, միջին և փոքր բիզնեսը խոշոր բիզնես դառնալու հնարավորություն ունենան: Այսպիսի հնարավորություն ստեղծելը մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակադրումներից է»,- շեշտեց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի տնտեսության մրցունակության առումով չափազանց կարևոր է համարում վարկերի հասանելիությունը: Դա նշանակոմ է, որ տոկոսադրույքները շարունակական պետք է նվազեն: Կարևոր է նաև ֆինանսական կայունությունը:


«Մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը»,- ասաց Փաշինյանը:


Ըստ նրա, առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու երկրում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այսինքն, գործադիրի հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները:  


«Խոսքը բոլոր տեխնոլոգիաների մասին է: Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,-հավելեց նա: