24.11.2024
Մամուլ. Պաշտոնանկ լինելու հերթը Դավիթ Անանյանինն է
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փորձում է կառավարությունը փոխարինել իրենով՝ գերկենտրոնացնելով իշխանությունը․ ՀՅԴ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը:


Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունյան մեջ։ «Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:


Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:


Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:


Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:


Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:


Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք: Վերը նշված ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնավորումները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կներկայացնի առանձին հարցազրույցներով և հրապարակումներով», - ասված է հայտարարության մեջ: