VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնանկությունից հետո հերթը կարծես թե, ՊԵԿ նախագահինն է: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը մտադիր է ՊԵԿ նոր նախագահ նշանակել ոչ թե համակարգից ինչ-որ մեկին, ով կաշկանդված կլինի տարբեր ազդեցություններով ու պարտավորություններով, այլ ՊՆ համակարգից: Թե ով է լինելու ՊԵԿ նոր ղեկավարը՝ հայտնի կլինի առաջիկա օրերին»:
«Փաստ» թերթը գրում է․ «Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանապետի՝ «իր տեղում չլինելու» մասին տարբեր հրապարակումներով «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով փորձ է արվում հանրության մոտ Օսիպյանի հրաժարականի պահանջ ստեղծել: Ոստիկանապետի պաշտոնի համար արդեն բավական թեժ մրցակցություն է սկսվել»:
«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանը սկսելու է կառավարության ծրագրի քննարկումը։ Որքան այն կտեւի, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ դատելով կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատություններից, հիմնավոր ու փաստարկված քննադատություններից, քննարկումները կարող են տեւել երկար, շատ երկար։ Բայց դրանից կառավարության ծրագիրը հազիվ թե փոփոխության ենթարկվի։ Ինչպես որ որեւէ փոփոխության չենթարկվեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել՝ այն նախնական տարբերակով ընդունելու վերաբերյալ։ Իսկ կառավարության կառուցվածքի վերաբերյալ հնչեցին առավել քան հիմնավոր քննադատություններ, բայց իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց դրանց։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա, ի հեճուկս սպասումների, որ այն պետք է արտացոլեր հեղափոխության արժեքներն ու նպատակները, ծրագիրն այդ որեւէ աղերս չունի հեղափոխության հետ։ Ճիշտ հակառակը՝ դրանում արձանագրված եզակի համեստ ցուցանիշներն ավելի շատ վկայում են հակահեղափոխության, քան հեղափոխության մասին։ Տնտեսական հեղափոխության մասին ամեն օր ու ամենուր հայտարարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացրել է այնպիսի ծրագիր, որն իր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ, համեմատելի ու համադրելի չէ նախորդ որեւէ, անգամ ամենաապաշնորհ կառավարության ծրագրի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, դեմ է գնացել 10 ամիս առաջվա հեղափոխական Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այնպիսի ծրագիր, որի՝ ինչպես իրագործումը, այնպես էլ՝ տապալումը փոշիացնելու է հեղափոխության նպատակները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն լքելու մասին երեկ հայտարարել է կուսակցության գործադիր մարմնի անդամներից եւս մեկը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Այսքանից հետո աննախանձելի վիճակում է հայտնվում ՀՀԿ ԳՄ-ն. 2016թ. նոյեմբերի 26-ի համագումարում որոշվեց ԳՄ կազմը՝ 21 հոգի, այնինչ հիմա այնտեղ մնացել է 17 հոգի: ՀՀԿ ԳՄ անդամներից առաջինը դուրս եկավ Հովիկ Աբրահամյանը դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո արդեն` Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Իսկ ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցել է երկու երրորդից ավելին՝ 15 հոգի: Հաշվի առնելով, որ ԳՄ կազմում դե յուրե մնացածներից մի քանիսն էլ փաստացի դադարեցրել են կուսակցության հետ հարաբերությունները` ԳՄ իրավազոր նիստ անցկացնելն այլեւս խնդիր է. Տարոն Մարգարյանը վաղուց ՀՀ-ում չէ, Կարեն Կարապետյանը վաղուց ՀՀԿ-ի հետ չէ, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված քրեական գործից հետո ասպարեզից անհետացել է նաեւ Կարեն Ավագյանը: Կարճ ասած` նախկին իշխող կուսակցությունում իսկապես ճգնաժամ է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում՝ ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում: Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչեւ մարտի 15-ը, եւ Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»:
«Փաստ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է ՀՀԿ–ին անդամակցությունը ժամանակավոր կասեցնելու մասին, քանի որ մտադիր է զբաղվել մասնագիտական եւ հասարակական գործունեությամբ: Կուսակցությանը անդամակցությունը չի դադարեցրել, բայց այլ գործունեության է անցել նաեւ Արմեն Աշոտյանը: Դավիթ Հարությունյանն էլ իրավաբանական խորհրդատվական ընկերություն է հիմնել: Վերջին շրջանում շատ են տեղեկություններն այն մասին, թե ինչով են զբաղվելու հանրապետականները: Նրանցից ոմանք դադարում են պաշտոնապես անդամակցել կուսակցությանը, ոմանք չեն դադարում, բայց անցնում են այլ գործունեության: Մեծ հաշվով, անդամակցել–չանդամակցելու հարցը էական չէ: Էական է այն, որ ՀՀԿ–ն փաստացի այլեւս չի գործում: Խորհրդարանական ընտրություններում ձախողումը փաստացի դառնում է ՀՀԿ–ի՝ որպես կուսակցության եւ կազմակերպված ուժի վերջին ճակատամարտը: Սա, իհարկե, չի նշանակում, թե չեն գործում հանրապետականները՝ նախկին ու ներկա: Հատկանշական է, սակայն, թե ինչպես են նրանք գործում: Իսկ գործում են անհատապես, մասնագիտական, հասարակական մեկնակետերից, բնականաբար դիրքավորվելով որպես ընդդիմադիր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմախոս:
ՀՀԿ–ից փաստացի բան չմնաց: Մնաց ցուցանակն ու գեղեցիկ շենքը Մելիք– Ադամյան փողոցի վրա: Իշխանություն չկա, չկա նաեւ ՀՀԿ: Տասնամյակից ավելի իշխանություն եղած կուսակցությունը իշխանափոխությունից հետո տրոհվեց, բաժանվեց մասերի: Իհարկե, տրոհվող մասնիկներն առանձին–առանձին բավական ակտիվ ու մեծամասամբ շարունակում են դիրքավորվել ներկայիս իշխանության դեմ: Բայց միայն այս դիրքավորումն է, որ նրանց մոտ ընդհանուր է: Նախկինում եւս նրանք ունեին բազմաթիվ հակասություններ ու տարբերություններ, պարզապես Սերժ Սարգսյանի կառավարման շուրջ կոնսոլիդացիան նրանց պահում էր իրար կողք: Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը չկա, հետեւաբար չկա միասին լինելու առանցք: Մեծ հաշվով, այդպես էլ պետք է լիներ՝ բացառապես իշխանության շուրջ կոնսոլիդացված քաղաքական ուժը իշխանության բացակայության դեպքում փլվում է: Այդպես լինելու է ցանկացած քաղաքական ուժի հետ: Իմիջիայլոց. ՀՀԿ–ին ՀՀՇ–ի հետ համեմատելը սխալ է: ՀՀՇ–ի իշխանազրկումից հետո պատկառելի քանակի կուսակցականներ մնացին հավատարիմ ՀՀՇ–ին ու նրա առաջնորդին: Շատերը շարունակում են այդպիսին լինել մինչ օրս: Նրանց հաճախ ընդունված է ասել Լեւոնի «վկաներ»: Սերժ Սարգսյանը «վկաներ» չունի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ «Իմ քայլը» դաշինքի քննարկումը շատ երկար է տեւել՝ ժամը 2-7-ը։ «Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ՝ պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։ Նիստը վարող Լիլիթ Մակունցը ստիպված էր ռեգլամենտ սահմանել բոլորի՝ թե՛ հարց տվողների, թե՛ պատասխանողի համար։ 40 հոգի հարց տվեցին` իսկական ֆլեշմոբ։ Առյուծի բաժինը պարգեւավճարներն էին, նաեւ՝ Հարկային օրենսգիրքը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Հարցրի՞ք Ջանջուղազյանի սանիկի` Կարեն Բրուտյանի պարգեւատրման մասին: «Բա ողջ քննարկումը հենց դրան էր նվիրված. քարը քարին չթողեցինք»: Իսկ ի՞նքը։ «Երկար-բարակ պատասխանում էր, ասաց` օրենք չի խախտվել։ Ասաց, որ Բրուտյանի երեխաներից մեկի քավորն է լոկ ինքը, բայց դա որեւէ կապ չունի, որովհետեւ Բրուտյանը շատ լավ է աշխատել, դրա համար է պարգեւավճար ստացել, եւ եթե մենք լավ աշխատողներին չոգեւորենք, բոլորը կգնան համակարգից, աշխատող չի մնա։ Ակնարկում էր նաեւ իրեն՝ ուզո՞ւմ եք` չաշխատենք»: Իսկ դո՞ւք։ «Իսկ մենք ասինք` ոչ մի կոնկրետ պատասխան չեք տալիս Դուք, պարոն Ջանջուղազյան, չեք հարգում պառլամենտը, ոչ մի հարցի պատասխան չենք ստանում։ Այդ պրակտիկան` պաշտոնյաներին գորգի վրա կանչել, իմաստ չունի։ Բայց կարծես որոշված է բոլորին կանչել՝ թող արտաբյուջեն կրճատեն ու վերջ, էս շոուն ինչի՞ համար է»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների եւ սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում: Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլեւ անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից եւ, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից: Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» եւ վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի եւ թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում: Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին եւ չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերեւս այդ է նաեւ պատճառը, որ իշխանական եւ իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ եւ նյութերը փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա բարկացրել է ռուսական կողմին։ Բանն այն է, որ հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին պայմանագրում շեշտված է, որ եթե ՀԿԵ-ն պատշաճ չի կատարել իր պարտավորությունները, ապա ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կառավարությանը վճարել «դրամական միջոցների հանրագումար` չգերազանցելով 57.000.000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլար»: Այլ կերպ ասած՝ խախտումներն ապացուցելու դեպքում մենք կարող ենք 57 մլն դոլար ստանալ «Ռուսական երկաթուղիներ»-ից։ Այնպես որ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն քաղաքական որոշումով հրաժարվի մեր երկաթուղուց։ Այդ դեպքում հայկական կողմն է հայտնվելու ծանր իրավիճակում, քանի որ, ըստ նույն պայմանագրի, «Հարավկովկասյան երկաթուղուն» է պատկանում մեր երկաթուղու ողջ շարժակազմը, իսկ սա նշանակում է, որ ռուսների հետ պայմանագիրը խզելուց հետո մենք մնալու ենք առանց վագոնների, միայն դատարկ ռելսերով։ «Պետք է դիմել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին։ Մենք չենք հրաժարվում»,- ասաց ՀԿԵ մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020թ․ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Նա առաջիկա օրերին կոնսուլտացիաներ է սկսելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների հետ։ Մասնակցել է Արցախի 2012թ․ նախագահական, ապա 2015թ․ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիրի կարգավիճակում։ Չի բացառվում, որ այս անգամ դառնա գործող իշխանության «ժառանգորդը»։ Արդեն իսկ պայքարի մեջ են մտել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով համարվում է ՀՀ իշխանությունների ֆավորիտը, ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանը, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների փուլ է սկսել՝ ոչ հրապարակային, ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում դեպքում սահմանադրական արգելք կա՝ 10 տարվա մշտական բնակության ցենզը»: