24.11.2024
Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Հայ մասնագետների խումբը ժամանել է Սիրիա. Հովհաննիսյան

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:


Նաև նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:


Դեռեւս անցյալ տարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակն է օգնել Հալեպի հայ համայնքին և ընդհանուր առմամբ Սիրիային։ Այդ պայմանավորվածության մասին Փաշինյանը Հայտարարեց Մոսկվա ժամանելուց ու ՌԴ բախագահ Վլադիմիր Պունինի հետ հանդիպելուց հետո։


Հիշեցնենք նաև, որ 2012 թվականի օգոստոսից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։ Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։


Սիրիայի հայկական համայնքն աշխարհի ամենահզորներից էր համարվում։ Այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։ Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո տարբեր գնահատականներով ավելի քան 90 հազար հայ լքել են երկիրը։