Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում աշխատանքային փակ քննարկում է անցկացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որն առնչվել է նաև գերատեսչության պարգևավճարների հետ կապված հարցին: Երբ քննարկումների արդյունքում ձևավորվի համապատասխան փաթեթ, «Իմ քայլը» խմբակցությունը կձեռնարկի որոշակի քայլեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փակ քննարկումից հետ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Սա խմբակցության նիստ չէր, այլ պարզապես խմբակցության ներսում աշխատանքային քննարկում` մի գերատեսչության ղեկավարի հետ: Նպատակահարմար գտանք, որ առաջինը քննարկում անցկացնենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Նպատակը խնդիրն ախտորոշելն է։ Այո, մենք ընդունում ենք, որ կա որոշակի խնդիր: Եվ այդ խնդիրը խորապես հասկանալու համար պետք է բազմակողմանի ուսումնասիրություն անցկացնել մի քանի գերատեսչության հետ: Երբ քննարկումների արդյունքում ձևավորվի համապատասխան փաթեթ, «Իմ քայլը» խմբակցությունը կձեռնարկի որոշակի քայլեր»,-ասաց Մակունցը:
Նա նկատեց, որ մի կողմից այս պահին կան օրենսդրական որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս պարգևատրումներ տրամադրել, մյուս կողմից կա անարդարության զգացում, որը հնչեցվեց հանրության կողմից:
«Ես ուզում եմ ավելի համակողմանի նայել խնդրին: Մենք ուզում ենք ունենալ արդյունավետ պետական ինստիտուտներ, պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները պետք է լուծվեն օրենսդիր, գործադիր և այլ մարմինների կողմից: Եթե մենք չունենք պրոֆեսիոնալներ և լավ վարձատրող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան: Մյուս խնդիր այն է, որ հանրության կողմից կա անարդարության մթնոլորտի զգացողություն: Եվ պիտի տեսնենք, թե որտեղ է ոսկե միջինը և ինչ նախագծերով կարող ենք կարգավորել»,-նշեց Մակունցը:
Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ եղել է քննարկում, որտեղ հնչեցվել են տարբեր հարցեր` հասկանալու իրավիճակը: Իրավաբանները, տնտեսագետներն իրենց վերլուծությունների արդյունքում կատարել են իրենց հարցադրումները ՊԵԿ նախագահին: Մակունցը շեշտեց, որ փորձում են հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որ տեսնեն, թե որպես օրենսդիր ինչ կարող են անել իրավիճակը լավացնելու համար:
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էի շրջանառվում, թե Պետական եկամուտների կոմիտեում դեկտեմբեր ամսին մեծ չափերով պարգևատրումներ են եղել: