VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաև դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլև, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը: Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի և ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից: Ըստ մեր տեղեկությունների, աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներից հետո փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ: Ի դեպ, այս ամենի ֆոնին հարկ է հիշեցնել, որ այս անձինք ժամանակին ՀՀ տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արել…»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մի քանի հայ քրեական հեղինակություններ փորձել են Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, սակայն հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահներն արգելել են նրանց մուտքը իրենց երկրի տարածք: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները վրացի գործընկերներին են փոխանցել հայ քրեական հեղինակությունների եւ ընդհանրապես քրեական անցյալ ունեցող անձանց ցուցակը, եւ հիմա վրացի սահմանապահները, օգտվելով այդ տվյալների բազայից, արգելում են այդ մարդկանց մուտքը իրենց երկիր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությունները: Մեր հարցին՝ դուք էլ եք կո՞ղմ 5 տարի հետո իշխանություններին տուն ուղարկելուն, Տեր-Խաչատուրյանն արձագանքել է. «Իհարկե: Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ ամենից հետո համագործակցել նրանց հետ, քանի որ այլ երկրների փորձով ևս իշխանությունները մշտապես հանդիպում են ընդդիմությանը և հակառակը։ Նրանք համագործակցում են` ի շահ հայրենիքի և ի շահ պետության։ Ի՞նչն է տարօրինակ, որ դու կարողանաս որոշ բնագավառներում համագործակցել, իսկ մյուսներում ասել` այո, ընդդիմություն ենք»»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Խնդիրը պետք է լուծվի «Իմ քայլը» խմբակցության որոշման մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մոտեցմանը, ապա Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք, պետք է օժտված լինի կայունությամբ, այն չպետք է փոխվի ցանկացած կապրիզի պահանջով, բայց նաև պետք է հնարավորություն ընձեռվի այն արդիականացնել»: Հնարավո՞ր է «արդիականացման» պահանջով վերադառնանք նախագահական համակարգին: «Դա նախ ժողովրդի ընտրության խնդիրն է, և ապա` ես չեմ կարող խոսել վարչապետի անունից»: Բայց նաև ԱԺ-ն կարող է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ «Իմ քայլն» ունի բացարձակ մեծամասնություն։ «Այո, դա այդպես է, բայց միևնույն է` դեռ շատ վաղ է այդ մասին խոսել»: Եվ մի «ինտիմ» հարց. Դուք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանյաց քավորն եք. Դո՞ւք եք իրեն բերել մեծ «քաղաքականություն», թե՞ նա Ձեզ` ԱԺ: «Արարատ Միրզոյանի հետ մենք անցել ենք երկար ուղի, միշտ կիսել ենք միևնույն արժեքները և պատրաստվում ենք միասին էլ առաջ գնալ։ 15 տարի առաջ ոչ մեկս էլ չգիտեր, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի, որ մեկս մյուսին բերեր»»:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով: «Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: Քանի որ ԱԺ նախագահը դեռևս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից: Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել և առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք և պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը երեկ հերթական անգամ մեկնել է Արցախի Հանրապետություն՝ թերևս հերթական անգամ իրենց զորակցությունը հայտնելու Արցախի իշխանություններին: ԲՀԿ-ականները Հայաստանի իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելուց հետո որոշել են, որ նույնը պետք է անել նաև Արցախում: Հնարավոր է նաև, որ ԲՀԿ-ն հայտնվել է մի վիճակում, երբ ինքն էլ ակնկալում է Արցախի իշխանությունների աջակցությունը, ինչը այս պահին այնքան էլ իրատեսական չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով: Նախօրեին Անանյանի եւ խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորները իրենց դժգոհություններն են ներկայացրել ՊԵԿ գործունեությունից: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին: «Առաքելությունը» աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, բայց համարում է, որ համարժեք փոխհատուցում չի ստացել: Հնարավոր է, որ Անանյանը ՊԵԿ նախագահի լավագույն թեկնածուն չէր, բայց Առաքելյանը այդ կառույցը կարճ ժամանակում կհասցնի վախճանի, տնտեսվարողներին ազատելով հարկային կոչվող երեւույթից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ էլի ուրիշներ: ՊԵԿ նախագահն ասել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում, որ մամուլում հրապարակված թվերն ուռճացված են, եւ իր եկամուտներն ամսական 2-3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով եւ պարգեւատրումներով։ Ի պատասխան հարցադրումներին, ՊԵԿ նախագահն արդարացի է համարել այդ գումարի չափը՝ ասելով, որ բարդ եւ ռիսկային ոլորտում են աշխատում։ Սակայն որոշ պատգամավորներ համեմատություններ են անցկացրել ուսուցիչների աշխատավարձերի հետ․ «Ինչո՞ւ պիտի դպրոցի ուսուցիչը 100 հազար դրամ ստանա, երբ սերունդ է կրթում, որոնցից ոմանք հետո պիտի ՊԵԿ նախագահ կամ աշխատակից աշխատեն, իսկ նշված համակարգում այսպիսի աստղաբաշխական թվեր լինեն»։ Անանյանին պաշտպանել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, այժմ «Իմ քայլի» անդամ Շիրակ Թորոսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ են եղել այդ պարգեւատրումները, հիմա ընդամենը մամուլն է մատի փաթաթան սարքել։ Որոշել են, որ քննարկումը կշարունակեն այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ֆինանսների նախարար, գուցե՝ Երեւանի քաղաքապետ, հետո միայն եզրակացություններ կարվեն, կորոշեն՝ անհրաժե՞շտ են օրենսդրական կարգավորումներ, թե՞ ոչ։ Իսկ մարզպետներին չե՞ք կանչելու։ «Չէ, իրենք թեմա չեն»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հնարավոր է շարունակվի։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը, եւ լուրեր կային, որ հեռացվելու է նաեւ նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ինչո՞ւ՝ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրը պատասխանեց․ «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` Ռիժի Լյովի հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ Բայց նա դրսից էլ կարող է իր ազդեցության տակ պահել բավականին մեծ սեգմենտ՝ հարգում են իրեն»: Ի դեպ, Ղարաբաղում կարծում են, որ հայոց բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաեւ Վիտոյին` Վիտալի Բալասանյանին հանեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Չնայած, ըստ մեր աղբյուրի, պատճառը նաեւ կարող է այլ լինել. Ղարաբաղում չեն բացառում, որ նախագահական վաղաժամ ընտրություններ լինեն։ Եվ եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի Բալասանյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են: Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդարանականների պատվիրակությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել էր ուկրաինական Մայդանի հետ եւ նկատի ունենալով շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»: Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադարձել էին Էդմոն Մարուքյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, չնայած ինքն էլ Հայաստանի միակ կենդանի ազգային հերոսն է»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որեւէ ապացույց չկա, եւ իրենք էլ` որպես գործը քննող քննիչ, հայտնվում են անհարմար վիճակում: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՔԾ, որտեղից նշեցին, որ երեք քննիչ է սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից»: