Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար. Սթոլթենբերգ
Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Նրա խոսքերով, Վրաստանը ծանրակշիռ ներդրում ունի ընդհանուր անվտանգության մեջ։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանին պատրաստելու համատեղ աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն։
Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, որոնք ներառում են Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում երկու տարածաշրջաններից էլ հանել իր ուժերը»։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը կիսում են «Սեւծովյան նտարածաշրջանում Ռուսաստանի Ռազմական հզորության մեծացման հարցում մտահոգությունը»։ «Մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունը ծովում, այդ թվում՝ վրացի սահմանապահների վարժանքների, Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասել է նա ՝ հավելելով, որ Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը։