ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Դավոսից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է, թե ինչ է երեկ քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հայաստանի վարչապետը, նախ, անդրադարձավ այն հնչող հարցերին, թե ինչու նախապես չի հայտարարվել հանդիպման մասին:
«Սա Ալիեւի հետ մեր 3-րդ հանդիպումն է եւ նախկինում պլանավորված չի եղել մեր հանդիպումը: Վերջին անգամ Դուշամբեում, որ հանդիպեցինք, որքան հավանակություն կար, որ կհանդիպենք, այդքան էլ հավանականություն կար, որ չենք հանդիպի: Խնդիր կար մշակել, երբ մենք երկուսով մասնակցում ենք նույն միջոցառումներին՝ ինչպիսին պետք է լինի մեր մոտեցումը: Բրյուսելում այնպիսի իրավիճակներ էր լինում, որ մենք դեմ դիմաց էինք դուրս գալիս, քանի որ չենք քննարկել այդ իրավիճակները եւ արդյունքում այնպիսի ըմբռնում եղավ, որ չխուսափենք նման իրավիճակում հանդիպումներից»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են: «Սրանք բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ եւ հանգրվան չեն: Ինչ վերաբերվում է Դավոսի հանդիպմանը, կազմակերպիչները իմանալով, որ մենք երկուսս էլ այստեղ ենք, հարցրել են՝ արդյո՞ք մենք դեմ չենք հանդիպմանը, շփմանը: Մենք, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահն ասել ենք, որ դեմ չենք: Մենք ոչ պաշտոնապես հանդիպել ենք: Այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե նույն տեղում ենք լինում՝ չենք խուսափում հանդիպումներից»:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նրան, թե ինչ են խոսել հանդիպման ընթացքում նշեց. «Մենք քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն՝ երբ, ինչ տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր եւ այդպես շարունակ: Քննարկում ենք նաեւ հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կոնտեքստում կարգավորման, ինչ հնարավորություններ կան, անհնարինություններ կան: Մենք ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման հանդիպումների ժամանակ Ալիեւի հետ խոսում է այն ամենից, ինչը ասում է նաեւ հրապարակային: Անդրադառնալով քաղաքական գործիչների, մեկնաբանների այն տեսակետներին, որոնք վերաբերվում են դավադրությունների տեսություններին, վարչապետն արձագանքեց. «Դավադրություններ լինել չեն կարող, որովհետեւ անհեթեթություն է նույնիսկ մտածել այդ մասին: Ես մի քանի անգամ խոսել եմ նախկինում, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ դա իրավիճակի չընկալման հետեւանք է, որ որեւէ մեկը կարծում է, թե մեր կառավարությունը կամ ես անձամբ որեւէ դավադրության մեջ կներգրավվենք: Երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերից եւ այլ բան պատկերացնելը թյուր ըմբռման հետեւանք է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: