Բելառուսն ու Ադրբեջանը մտադիր են էլեկտրոբուսների համատեղ արտադրություն հիմնել
Բելառուսական «Բելկոմմունմաշ» հոլդինգի կառավարող ընկերություն» ԲԲԸ-ն և ադրբեջանական Գյանջայի ավտոմոբիլային գործարանը քննարկում են Ադրբեջանում էլեկտրոբուսների համատեղ արտադրության հնարավորությունը:
Այդ հարցը քննարկվել է Մինսկում Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի և Ադրբեջանի Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Նիյազի Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:
«Արդեն քննարկել ենք հեռանկարները, այդ թվում տեխնոլոգիաների փոխանցման, որպեսզի համատեղ ձեռնարկությունը շատ ամուր լինի, թույլ տա շրջանառել բոլոր եղած հզորությունները»,-ասել է բելառուս փոխվարչապետը:
Ադրբեջանն ու Բելառուսն աշխատում են նաև Թուրքիայում տրակտորների համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ: «Ձեր բազայով աշխատելու ենք Թուրքիայի հետ: Կարծում եմ, ապրիլին կլինեն առաջին արդյունքները: Դա բավականին լուրջ, հավակնոտ ծրագիր է, որը վկայում է այն մասին, որ եռակողմ գործակցությունը բավականին բարձր մակարդակի է հասել»,- ասել է Ռուսին:
Բելառուսը նաև առաջարկել է ադրբեջանական կողմին քննարկել կաթնամթերքի համատեղ արտադրություն հիմնելու հարցը: «Ձեր հարթակից շատ հարմար է աշխատել միասին երրորդ երկրների շուկաների համար»,-ասել է բելառուս պաշտոնյան Բայրամովին: