ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դեմ պատերազմի պատրաստվող Ադրբեջանը չի անդամակցելու ՀԱՊԿ-ին
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության կամ այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակի հարց այս պահին չկա: Այդ հարցը դեռ քննարկման փուլում չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պաշտոնական Բաքուն ի դեմս իր ռազմական, քաղաքական էլիտայի բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել ՀԱՊԿ-ին: Պատճառները բազմաթիվ են ու դրանք գտնվում են քաղաքական տիրույթում: Նախ` Ադրբեջանը Չմիավորման շարժման անդամ է, Բաքուն չի անդամակցում որևէ ռազմական դաշինքի կամ կազմակերպության` լինի դա ՆԱՏՕ կամ ՀԱՊԿ: Բացի այդ, Ադրբեջանը չի կարող գտնվել ՀՀ-ի հետ մի ռազմա-քաղաքական նույն դաշինքում` ՀԱՊԿ-ում, քանի որ Երևանի հետ կիսապատերազմական վիճակում է:
Ադրբեջանն իր ռազմական կապերն, այդ թվում՝ զենքերի գնման, սպասարկման և կադրերի պատրաստման առումով մինչ այս կառուցել է տարբեր երկրների, այդ թվում և ՀԱՊԿ անդամ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի հետ երկկողմ ձևաչափերով: Իսկ ՌԴ-ից արդի զենքերի գնումը տեղի է ունեցել ոչ ՀԱՊԿ-ի որևէ ձևաչափով, այլ երկկողմ ռազմական պայմանագրերով:
Ադրբեջանը սերտ էներգետիկ կապեր ունի Արևմուտքի հետ և ՀԱՊԿ-ին անդամակցությունը կնշանակի արտաքին քաղաքականության մեջ 180 աստիճանով շրջադարձ դեպի Մոսկվա, ինչը Բաքուն իրեն թույլ տալ չի կարող:
Արևմուտքն ունի բազմաթիվ լծակներ Ալիևի կլանի ու այդ պետության էլիտաների նկատմամբ, որպեսզի կանխի ադրբեջանական դրեյֆը դեպի ՌԴ-ի ռազմաքաղաքական ազդեցության միավոր համարվող ՀԱՊԿ:
Չմոռանանք, որ Ադրբեջանը սերտ ռազմական կապեր ունի Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի հետ, ինչպես նաև կառուցում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը: Բաքուն նախընտրում է ունենալ դիվերսիֆիկացված ռազմական կապեր:
Ամեն օր պատերազմի պատրաստվող Ադրբեջանը չի ցանկանա լրացուցիչ պարտավորություններով «կապված» լինել ՀԱՊԿ-ի հետ: Բաքուն հստակ խնդիր է դրել ցանկացած գնով հասնել Ղարաբաղի վերադարձին` կլինի դա դիվանագիտական, թե անհրաժեշտության դեպքում նաև ռազմական ճանապարհով: