23.11.2024

Հայաստանի մուտքը ԵՏՄ լավ հեռանկարներ է բացում հայ-իրանական համագործակցության համար – նախարարներ

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) լավ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Այս մասին Հայաստան կարարած այցի և կայացած բանակցությունների արդյունքում հունվարի 27-ին Երևանում՝ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Մոհամադ Ջավադ Զարիֆը հիշեցրել է, որ Հայաստանը, Իրանը եւ Ռուսաստանն արդեն համագործակցում են հեռահաղորդակցության ոլորտում, եւ կան բոլոր նախապայմաններ համագործակցություն զարգացնելու նաեւ այլ ոլորտներում: «Այս իմաստով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ստեղծում է լավ հնարավորություններ»,- ասել է իրանցի նախարարը, հաղորդում է “Մեդիամաքսը”:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ Հայաստանը նոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միություն և դեռ ուսումնասիրում է կազմակերպության շրջանակներում առկա հնարավորությունները: «Մենք դեռ նոր ենք դարձել Եվրասիական միության անդամ և ուսումնասիրում ենք հնարավորությունները, որպեսզի մեր անդամակցությունը դրական ձևով անդրադառնա ոչ միայն մեր հարաբերություններին Եվրասիական միության անդամ երկրների, այլև մեր հարևանների հետ», - հայտարարել է Նալբանդյանը, հավելելով, որ հրևան երկրների (Իրանի և Վրաստանի) հետ Հայաստանն ունի ավանդական տնտեսական, առևտրական զարգացած հարաբերություններ:

«Ունենք և նաև լավ հեռանկարներ ունենք՝ այդ հարաբերությունները առավել ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու: Այդպիսի օրինակներից է հենց մեր հարևան Իրանը», - նշեց նա:

Մոհամադ Ջավադ Զարիֆը վերահաստատել է, որ պաշտոնական Երեւանը եւ Թեհրանը «լուրջ քաղաքական կամք ունեն»՝ իրականացնելու տնտեսության, էներգետիկայի, հաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան երկաթուղու եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը: «Այդ ծրագրերն իրականացնելու համար քաղաքական կամք գոյություն ունի: Կային որոշակի ֆինանսական խնդիրներ, որոնց մեծ մասն արդեն լուծվել է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ Մոհամադ Ջավադ Զարիֆը տեղեկացրեց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ վերջերս «եռակողմ լավ որոշումներ են կայացվել»: «Հույս կա, որ նախագծի իրականացումը արագ առաջ կընթանա», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ վերջերս Թեհրանում հայաստանյան պատվիրակության այցի ընթացքում համաձայնագիր է նախաստորագրվել, ըստ որի Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել՝ մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար: Գործարքի երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2013-ի հունվարին Հայաստանի կառավարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է իր միջոցներով ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի կառուցման հնարավորությունը, կառուցել այն, որի ավարտից հետո նրան կվերապահվի 30 տարի երկաթգիծը շահագործելու իրավունքը: