Ես ոչ մեկին չեմ սպանել. Կարագանդայի միջադեպով հետախուզվողը դիմել է հանրությանը (տեսանյութ)
07.01.2019
Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ֆեյսբուքյան ուղերձի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել է, որ ինքը մասնակցել է այդ միջադեպին, սակայն չի սպանել այդ տղային։ Գուրուրյանը ասաց, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին, եթե միայն ապահովեն իր անվտանգությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։
Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նաև Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում: