Վրաստանի Անվտանգության նոր խորհուրդը կենթարկվի երկրի վարչապետին
Վրաստանի խորհրդարանը քննարկում է երկրի «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման եւ համակարգման կանոնների մասին» օրենքի՝ կառավարության պատրաստած ուղղումները, որոնց շրջանակներում Ազգային անվտանգության նոր խորհուրդը կգտնվի վարչապետի ենթակայության ներքո:
Ուղղումների նախագիծը պատրաստվել է դեկտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության խորհուրդը՝ նախագահի գլխավորությամբ, դադարեցրեց գործունեությունը նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Ութ հոգուց բաղկացած խորհրդակցական մարմինը կգլխավորի վարչապետը:
Խորհրդի մշտական անդամներն են նաեւ՝ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարները, պետական անվտանգության ծառայության եւ հետախուզության ծառայության ղեկավարները, պաշտպանության ուժերի հրամանատարը: Փաստաթղթի համաձայն՝ խորհրդի մշտական անդամներից մեկի վրա կդրվի խորհրդի քարտուղարի պարտականությունները: Խորհուրդը նաեւ կունենա աշխատակազմ, որը կգտնվի կառավարության վարչակազմում եւ կունենա «քաղաքականապես չեզոք» ղեկավար: