Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր. Էդվարդ Նալբանդյան
"Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր, սակայան մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների", - այս մասին սլովենական Dnevnik օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական շրջանակներից ավելի հաճախ են լսվում մտահոգություններ Երևանի` ստրատեգիական դաշնակից Մոսկվայի կողմից Բաքվին մեծ քանակությամբ սպառազինություն վաճառելու մասին: Հանրության տարբեր սեգմենտներում շրջանառվող մտարհոգությունները ստացան նաև քաղաքական հայտարարությունների տեսք: Խնդրին 2014 թ-ին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով. "Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահգություն է առաջանցում Հայաստանի հանրության շրջանում":
Մասնագետների կարծիքով, Սարգսյանի հայտարարությունն ուղղված էր ոչ թե Ռուսաստանին (քանի որ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր միշտ է տրամադրել է զենք Ադրբեջանին), այլ հայաստանյան հանրությանը, որի տարբեր շրջանակներ, ելնելով տարբեր նպատակադրումներից, պարբերաբար քննարկման առարկա են դարձնում Մոսկվա-Բաքու ռազմական համագործակցությունը` այդ կոնտեքստում կոշտ քննադատության ենթարկելով Հայաստանի իշխանություններին "կրավորական կեցվածքի համար" և ՌԴ-ին` ադրբեջանական կողմին զենք տրամադրելու համար:
Ռազմական փորձագետների կարծիքով, զուտ մասնագիտական տեսնակյունից, Հայաստանի համար շահեկան է, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանի բանակի սպառազինության հիմնական մատակարարը, քանի որ դրանով ապահովվում է արդբեջանական սպառազինման ծրագրի թափանցիկությունը և մեծանում Բաքվի կախվածությունը Մոսկվայից:
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով, ըստ Էդվարդ Նալբանդյանի, հայկական կողմի ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: "Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում", - հայտարարել է Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պնդմամբ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն շատ ամուր պատմական կապեր: "Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը:Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ", - նշել է նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի զինվելու տեմպերին` նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները: "Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը և անդադար սպառնում է ուժ կիրառել", - պարզաբանել է նախարարը:
Բոլոր պատերազմներից հետո, նշում է նա, կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: "Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը", - հարցադրում է հնչեցրել Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: