Ինձ համար եւս Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու լուրն անակնակլ էր. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար եւս Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմած ազատ արձակելու դատարանի որոշումը անակնկալ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու երեկվա որոշմանը:
“Ես դատարանների որոշումները չէի ցանկանա մեկնաբանել, բայց ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացիները իսկապես արձանագրեն, որ երբ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա, ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը, եւ անկեղծ ասած չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորմամբ է այդ որոշումը կայացրել: Երբ-որ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց էլի կարծիք չեմ հայտնի: Իմ կարծիքն այն է, որ քրեական գործի նախաքննությունը պետք է շուտ ավարտվի եւ դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող հետեւանքերով”,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Էջմիածնում երեկ գիշերվանից տեղի ունեցող բողոքի ակցիաներին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա քաղաքացիների իրավունքն է: Փաշինյանը նաեւ հայտնել է, որ իր համար եւս դատարանի որոշումը անակնկալ է եղել:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Գրիգորյանին գրավով ազատելու լուրը լսելուց հետո, ի նշան բողոքի, Էջմիածնի բնակիչները փակել են Էջմիածին տանող գլխավոր փողոցները:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: