26.11.2024
Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում բարձրացնում է Բաքվին զենք վաճառելու խնդիրը. Եղոյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաեւ Ռուսաստանի առաջ:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է. «Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարեւոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:


Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում՝ պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:


Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը:


«Պուտինի ներկայությամբ ասացի.«Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել»,-պատմել է Լուկաշենկոն: