Քննադատիր Պուտինին Բաքվին զենք վաճառելու համար, վախենո՞ւմ ես. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
17.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը:
«Պուտինի ներկայությամբ ասացի.«Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել»,-պատմել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահը նույն հանդիպման շրջանակում պատասխանել է Բելառուսի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք կապված են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու հետ:
Լուկաշենկոն նշել էր, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:
«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար:
Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել: Եվ մենք ադրբեջանիցների խնդրանքով զորահանդեսի համար պատրաստեցինք համակարգը: Երևի դրանումն է իմ մեղքը, որ ես փորձեցի զորահանդեսի համար այդ համակարգը պատրաստել: Բայց չէ՞ որ ես հայերին էլ եմ առաջարկել, նրանք ասացին, որ պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ րապարակված հասանելի տվյալների համաձայն՝ միայն 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։