Բոլթոն․ ԱՄՆ-ը ծրագրում է դիմակայել Աֆրիկայում Չինաստանի և ՌԴ արագ աճող ազդեցությանը
ԱՄՆ-ը ծրագրում է դիմակայել Չինաստանի եւ Ռուսաստանի արագ աճող ազդեցությանն Աֆրիկայում, որտեղ այդ երկրները բիզնես վարելու համար օգտագործում են կոռուպցիոն մեթոդներ՝ ուշադրություն չդարձնելով օրենքի գերակայության վրա։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի առաջնահերթությունը պետք է լինի Աֆրիկայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ամերիկյան բիզնեսի համար հնարավորություններ ստեղծելու եւ աֆրիկյան երկրների անկախությունը, ինչպես նաեւ ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։
«Չինաստանն ու Ռուսաստանը արագ են իրենց ազդեցությունը տարածում Աֆրիկայում»,- ասել է Բոլթոնը՝ հավելելով․ «Նրանք նպատակադրված եւ ագրեսիվորեն ներդրումներ են իրականացնում, որպեսզի Միացյալ Նահանգների հանդեպ մրցակցային առավելություն ձեռք բերեն»։