25.11.2024
Էրդողանը` Հայոց ցեղասպանության մասին. Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի անդամ Ֆրանսիան զինում է ռևանշիստական Ադրբեջանին

Ֆրանսիական MBDA Systems ընկերությունը Ադրբեջանին ASTER 30 SAMP/T և VL Mica ՀՕՊ համակարգեր կմատակարարի:


«Մենք ստացել ենք Ֆրանսիայի կառավարության` Ադրբեջան համակարգեր արտահանելու թույլտվությունը: Ադրբեջանական կողմի հետ գնում-վաճառքի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս»,- ասել է ընկերության ներկայացուցիչը ադրբեջանական AzeriDefence-ի հետ զրույցում:


Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ: Եթե ադրբեջանա-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին շատ է խոսվել ու մեկնաբանվել, այդ թվում Երևանի կողմից արժանացել սուր քննադատության, ապա Փարիզի կողմից Բաքվին զենքերի մատակարարման մասին լուրն իրոք նորություն է:


Ֆրանսիան ու ՀՀ-ն հանդիսանում են ֆրանկոֆոն երկրներ. վերջերս Երևանում կայացավ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, Ֆրանսիայում բնակվում է մեծաքանակ ու ազդեցիկ հայ համայնքը, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, սակայն չնայած բոլոր հանգամանքներին ֆրանսիական կողմն Ադրբեջանին զենք է մատակարարում:


Բաքվից անընդհատ հնչում են ռևանշիստական ու ռազմատենչ հայտարարություններ ու ֆրանսիական կողմի մատակարարումներն Ադրբեջանին այդ երկրի կողմից կարող են դիտարկվել որպես կանաչ լույս Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար:


Պաշտոնական Երևանն ու Ֆրանսիայի հայ համայնքը պետք է շատ խիստ արձագանքեն այս տեղեկատվությանը, եթե հաստատվի այդ տեղեկատվության իսկությունն ու փորձեն կանխել տվյալ գործարքը:


Սակայն, ինչպես Մինսկի կողմից Բաքվին Պոլոնեզների վաճառքը հնարավոր չեղավ կանխել, թեև Բելառուսն ու ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ են ու ֆորմալ դաշնակցիներ, ապա այս գործարքի կանխումը նույնպես բարդ կլինի:


Այդ համակարգերի ռազմական հնարավորությունների մասին գնահատականներ դեռ կտան ռազմական փորձագետները, սակայն ակնհայտ է մեկ բան` Բաքուն, ունենալով հսկայական ֆինանսական միջոցներ, զենքեր է գնում ու հասկանալի է, թե դրանք ում դեմ են ուղղվելու: ՀՀ-ին ու Արցախին մնում է մեկ բան` շարունակել գնել նորագույն զենքեր, ստեղծել սեփական ռազմաարդյունաբերական համալիրն ու փորձել գտնել ադրբեջանական նորագույն զենքերի դեմ «հակաթույն» ռազմավարական, ռազմական բալանսը պահպանելու համար: Հակառակ պարագայում Բաքվի կողմից պատերազմի սանձազերծումը սարերի հետևում չէ: