ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցությամբ. Արա Բաբլոյան
Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտ են հանդիսանում առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացման համար: Տնտեսական ինտեգրման զարգացումը, տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար: Այս մասին ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով, ՍԾՏՀ ԽՎ-ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են ստեղծում նպաստավոր պայմաններ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը եւ սահմանափակում առճակատման հեռանկարները: Առաջադրանքների եւ հեռանկարների ընդհանրությունը միավորում է՝ կոչ անելով համերաշխության եւ համագործակցության՝ ողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հիմնարար արժեքների ամրապնդման նպատակով:
«ՍԾՏՀ ԽՎ-ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է: ՍԾՏՀ ԽՎ-ն երկխոսության եւ համագործակցության դինամիկ ժողովրդավարական ֆորում է, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ հաղորդակցության կարեւոր ուղի՝ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով: Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար մենք կոչ ենք անում ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները: ՍԾՏՀ ԽՎ-ն կարիք ունի խորացնելու ստեղծագործական մտածողությունը, որը մերժում է թշնամանքի դրսեւորումը եւ բաժանարար գծերի քաղաքականությունը»,- ասել է Բաբլոյանը:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմամբ, բայց դրանով հանդերձ մենք չենք դադարում կրկնել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է:
«Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով ավելորդ քաղաքականացումից»,- ասել է նա, հավելելով, որ Հայաստանը հետագայում եւս պատրաստ է շարունակել կառուցողական ներդրում ունենալ ՍԾՏՀ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը` նպաստելով կառույցի ամրապնդմանը եւ առաջադրելով տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրացիոն նոր նախագծեր եւ նախաձեռնություններ: