Հարավկովկասյան երկաթուղին զգուշացնում է լաստանավի աշխատանքի դադարեցման մասին
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը զգուշացրել է, որ այս տարվա դեկտեմբերի 1-ից դադարեցվում է Կավկազ-Փոթի-Կավկազ լաստանավի կանոնավոր աշխատանքը։ Դա ժամանակավոր է, նշում են ընկերությունից՝ միաժամանակ չհստակեցնելով, երբ այն կվերսկսի աշխատանքը։ Խոստանում են աշխատանքի վերականգնման մասին լրացուցիչ հայտնել։
Այս հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ 2019-ի հունվարից Հայաստան բեռնատարներով հացահատիկ չի գա։ Նախատեսվում էր, որ բեռները Ռուսաստանից Վրաստան կհասնեն ծովային ճանապարհով։
Հիշեցնենք, որ Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ, ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ։ Ավելի վաղ վերջնաժամկետ սահմանվել էր հոկտեմբերի 1-ը, դրանից առաջ՝ սեպտեմբերը։
Ստացվում է, հայկական կողմը հունվարից հացահատիկի բեռներ չի կարողանա ստանալ ոչ ցամաքային, ոչ էլ ծովային ճանապարհով։ Չնայած ՀԿԵ-ն հայտարարել է, մեծ բեռների դեպքում պատրաստ է համագործակցել։
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնեցին՝ թեմայի վերաբերյալ խոսել կարող է միայն փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը, նա էլ կառավարությունում է։
Ի դեպ, երեկ Armdaily.am-ին տված հարցազրույցում Փամբուխչյանը նշել էր, որ հայկական կողմը քննարկում է լաստանավ ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները 2017-ից փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի: Հարավկովկասյան երկաթուղով (ՀԿԵ) նվազեցված սակագներով փոխադրված հայկական առաջին բեռները Երևան են բերվել 2017-ի մարտին։ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։