Համասեռամոլության քարոզի դեմ պայքարը պետք է դառնա հստակ քաղաքականություն
Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու. այս մասին հայտնի դարձավ դեռ մեկ շաբաթ առաջ, թեև մի քանի ամիս շարունակ Հայ առաքելական եկեղեցին, հասարակական սեկտորը և քաղաքական որոշ գործիչներ բարձրաձայնում էին դրա անթույլատրելիության մասին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը՝ հասարակության լայն շրջանակներից սկսած, մտահոգ էին այդ երևույթով, բացի իշխանություններից:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի վարչության կազմում են անձիք, որ երկար տարիներ ակտիվ պայքար են մղել համասեռամոլության քարոզի դեմ, մտադիր է ակտիվ բարձրաձայնել իշխանությունների վտանգավոր լռության մասին և պահանջել, որպեսզի այս խնդիրը բերվի օրենսդրական դաշտ և ընդունվի համապատասխան օրենք: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն հասարակական կազմակերպությունների մասին, որոնք արտերկրից ֆինանսավորում են ստանում ոչ հայանպաստ գործունեություն ծավալելու համար: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ միայն վերջին երեք-չորս տարիների ընթացքում «Բաց հասարակություն» հիմնադրամից կողմից մի շարք հայաստանյան ՀԿ-ներ ստացել են 5 մլն դոլարի դրամաշնորհներ և ծավալել ոչ հայանպաստ գործունեություն՝ զբաղվելով համասեռամոլության քարոզչությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ կուսակցությունը շարունակելու է ուսումնասիրել այդ կազմակերպությունների գործունեությունը:
Գլխավոր նպատակները, որ այս փուլում իր առջև դնում է կուսակցությունը, հետևյալն են. համասեռամոլության քարոզչությունը բացառող օրենսդրության ընդունում և կոչ ՀՀ պատկան մարմիններին ուշադրության կենտրոնում պահել նմանատիպ ՀԿ-ների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են արտերկրի աղբյուրներից ու անհասկանալի բովանդակությամբ միջոցառումներ են կազմակերպում:
Կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ ավելացրեց, որ անհանգստացնող է ոչ միայն իշխանությունների լռությունը, այլև այն, որ կառավարությունը մերժում է բոլոր ջանքերը կանխելու այս արատավոր երևույթի ամրապնդումը Հայաստանում: Որպես օրինակ նա հիշեցրեց, որ օրերս գործադիրը մերժեց քաղաքական ուժերից մեկի համանման օրինագիծը, ուստի նա կոչ արեց ուժերին, որոնք կլինեն ապագա խորհրդարանում, համախմբվել այս հարցի շուրջ ու միահամուռ կերպով ընդունել համասեռամոլության քարոզն արգելող օրենքը.
«Սա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության դեմ ուղղված գործընթաց է և պետք է ամեն ինչ անենք այդ գործընթացը կասեցնելու համար»,- շեշտեց նա:
Գրիգոր Բալասանյանը ևս մի անհանգստացնող հանգամանք մատնանշեց: Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ ԼԳԲՏ համայնքի վառ ներկայացուցիչներից մեկի հետ, ինչի մասին վերջինս տեղեկացրել էր Facebook-ի իր էջում, նաև հրապարակելով լուսանկար:
«Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական նոր մշակույթ մտցրեց՝ այսպես կոչված լայվերի մշակույթը: Մենք այն շատ ենք կարևորում, որովհետև սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ բաց է հանրության և քննարկումների համար: Իհարկե, մենք չենք ակնկալում, որ նախարարների բոլոր հանդիպումները պետք է լայվի միջոցով հեռարձակվեն, սակայն քանի որ հանդիպման կողմերից մեկը դրա փաստը արձանագրել է, ապա պահանջում ենք հանրությանը տրամադրել սույն անձի հետ հանդիպման սղագրությունը: Մենք սրա տակ վտանգ ենք տեսնում այն առումով, որ նման շփումները կարող է հիմք հանդիսանան, որպեսզի զանազան անունների տակ դպրոցներում տարածվեն ԼԳԲՏ համայնքին վերաբերող նյութեր, մենք ունենք այդ կասկածները: Հետևապես ԿԳՆ-ին ևս մեկ անգամ կոչ ենք անում փարատել այդ կասկածները և տրամադրել հանրությանը այդ հանդիպման սղագրությունը»,-հավելեց Գրիգոր Բալասանյանը: