25.11.2024
Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետ
prev Նախորդ նորություն

Հեղափոխություն արած ՀՀ քաղաքացին ուղղելու է իր մեջքը. Փաշինյան

Ելույթ ունենալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իր հայտարարությանը, որը բուռն քննադատության ալիք էր բարձրացրել:


Հիշեցնենք, Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու:


Նրա խոսքով, իր հասցեին հնչած մեղադրանքները ծիծաղելի են. «Մենք մեր ժողովրդին ոչ մի բանում չենք մեղադրում, այլ մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են՝ դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է դու մի աշխատի, որովհետեւ հենց աշխատես՝ մենք քեզ նպաստից կզրկենք: Ինչո՞ւ ենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ թիրախային աջակցելուն»,- ասաց նա:


Օրինակ, ասաց Փաշինյանը, երեխայի դեպքում նպաստառուն ոչ թե պետք է լինի երեխայի հայրը, ով եթե աշխատի, ապա կզրկվի նպաստից, այլ շահառուն պետք է լինի հենց երեխան.


«Մենք չպետք է դնենք պայման, որ եթե երեխայի հայրը աշխատի, ապա նա կզրկվի նպաստից: Մենք ասում ենք, որ այդ օգնությունը պետք է տալ թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային: Մենք քաջալերելու ենք, որ մեր քաղաքացիներն ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին: Եվ երբ մենք ասում ենք, որ խրախուսում ենք աշխատանքը, շատերը մեզ փորձում են մեղադրել, թե մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության ու չաշխատելու մեջ»,-ասաց Փաշինյանը:


Փաշինյանի խոսքով, Հայաստանում հարկ վճարողի կարգավիճակ ունի 350 հազար մարդ: Այսինքն, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատում են ոչ բյուջետային, մասնավոր ընկերություններում: Նրանք, ըստ Փաշինյանի, զրոյից հարկեր են վճարում.


«Բյուջետային աշխատողները եւս հարկեր վճարում են, բայց նրանց աշխատավարձը ձեւավորվում է այդ 350 հազար անձանց վճարած հարկերից: Մեր խնդիրն է, որ առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի:Ըստ էության, այդ 350 հազարն իրենց ուսերին են կրում բոլոր բյուջետային ծախսերի պատասխանատվությունը: Երբ արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիների փոքր տոկոսն ա այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձեւակերպում ենք այն խնդիրը, որը պետք է լուծենք: Մենք չենք մեղադրում մարդկանց չաշխատելու եւ հարկ չվճարելու մեջ»,- հայտարարեց նա: