25.11.2024
Ալեքսանդր Լուկաշենկոն կոռեկտ չէր. ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում այլևս գոյություն չունեն մենաշնորհներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի պետական բյուջեն համարում է իներցիոն բյուջե, քանի որ այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք նոր կառավարությունը ստացել է որպես ժառանգություն նախորդ իշխանություններից: Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Փաշինյանը:


«Ընթացիկ քաղաքական որոշումները հաշվի առնված չեն բյուջեի նախագծում: Մեր բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ, մեր բյուջետային և տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը որոշել է սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որը ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից: Այսինքն, այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի շրջանակներում, նրանք չեն վճարի հարկ: Մինչև 3 աշխատող ունենալու պարագայում էլ աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի, այսինքն նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ կվճարեն 5000 դրամի չափով հաստատագրված վճար:


Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ որոշակի սահմանափակումներ կլինեն ըստ ոլորտների, ինչպես նաև կգործի գոտիականության սկզբունքը:


«Այսպիսով մենք կխրախուսենք հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը: Մենք ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ գործունեության միջոցով վաստակեք ձեր ընտանիքի հացը», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:


Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում այլևս գոյություն չունեն մենաշնորհներ, չկան տնտեսական գործունեություն ծավալելու սահմանափակումներ, ինչպես նաև արտահանման և ներմուծման խոչընդոտներ: