24.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանը խոստացել է` քարը քարին չեն թողնելու
prev Նախորդ նորություն

Տոնոյանի մեսիջը` ռուս սահմանապահները չեն հեռանալու Հայաստանից

ՌԴ Զինված ուժերը եւ սահմանապահները կարեւոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանի հայտարարությունն ելնում է անվտանգության ոլորտում այն ստատուս-քվոյից, որը ձևավորվել է ՀՀ-ի շուրջ: Հարավային Կովկասի տարածաշրջանում ՌԴ-ի համար թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է, որն օգտվում է ռուսական անվտանգային համակարգից`թե’ ռազմական վարկերի շնորհիվ, որը թույլ է տալիս պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, թե’ օգտագործել ռուս սահմանապահներին հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Չմոռանանք, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան զսպող գործոն է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար, որն ունի բազմահազարանոց բանակ ու փակ պահելով հայ-թուրքական սահմանն` աջակցում է իր տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանին:

Թուրք-ադրբեջանական միացյալ ռազմական ներուժին ՀՀ-ն չի կարող միայնակ դիմագրավել`տնտեսական, ռազմական, դեմոգրաֆիկ ներուժի պատճառով, ինչպես նաև երկու `թուրքական ու ադրբեջանական ճակատներով պատերազմելու անհնարինության պատճառով: ՌԴ-ի սահմանապահներն ապահովում են հայ-թուրքական սահմանը թե’ դիվերսիոն-հետախուզական ներխուժումներից, թե’ հնարավոր casus belli-ից` Անկարան ցանկացած պատրվակ կարող է օգտագործել ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար:

Թուրքական զորքերն այժմ գտնվում են Կիպրոսում, Սիրիայում, Իրաքում: Անկարա-Բաքու տանդեմի բոլոր գործողությունները տարածաշրջանում ուղղված են ՀՀ-ի ու Արցախի անվտանգության դեմ: Real politik-ից ելնելով, Երևանը չունի այլընտրանք`ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային կապերի ամրապնդմանը: ՌԴ-ն այն երկիրն է, որն ապահովում է ՀՀ-ի ու հայ ժողովրդի անվտանգությունն ու ֆիզիկական գոյությունը:

Ինչ վերաբերվում է հայ-իրանական սահմանին ռուսական սահմանապահների դերին, ապա չպետք է մոռանալ, որ Իրանի հյուսիսում ուժեղ են անջատողական ձգտումները տեղի ադրբեջանցիների շրջանում: Իրանի կազմաքանդման պարագայում Արաքսից այն կողմ ձևավորվելու է Մեծ Ադրբեջան` Ադրբեջանի Հանրապետության և Իրանական Ադրբեջանի միավորման հետևանքով, իսկ դա ուղիղ սպառնալիք է ՀՀ-ի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ռուսական սահմանապահները թույլ են տալիս ՀՀ-ի զինված ուժերին կենտրոնանալ հայ-ադրբեջանական սահմանի հսկողության և Արցախին ռազմական աջակցություն ցուցաբերելու վրա: Ռուսական սահմանապահների օգնությամբ ՀՀ-ն այժմ չի պատերազմում երկու ճակատով` Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: Այսպիսով, Տոնոյանի մեսիջը ռուսական զորքերի և ռուս սահմանապահների մասով պետք է դիտարկել, որպես ՀՀ-ի ազգային անվտանգության և ռազմական դոկտրինի կարևորագույն տարրերից մեկը: