ՀՀԿ-ի «անակնկալը»` կմասնակցեն ԱԺ ընտրություններին ու կլինեն ընդդիմություն
Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Վերջինս նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ընտրվեց կուսակցության առաջին փոխնախագահ: Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հեղափոխությունից հետո դե ֆակտո սառեցրել էր իր անդամակցությունը ՀՀԿ-ին:
Նիստից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ընտրություններին չի մասնակցի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը` ևս:
«Ես այլ անուններ չեմ նշի, մեր ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին, ընտրություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինելու ցուցակում», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ այս պահին քննարկման թեմա է հետևյալը` Հայաստանի խորհրդարանում կլինի մեկ բևեռ, թե՞ կունենանք բանավեճ:
«Կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև նա անձամբ ապագա խորհրդարանում որպես բանավեճի գործընկեր իրեն այլընտրանք պետք է որ չտեսնի: Եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն», - ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀԿ փոխնախագահը նաև ասաց, որ Հանրապետականը հայտ է ներկայացրել լինել առաջիկա ընտրություններին հիմնական ընդդիմադիր ուժ: Ըստ նրա, կուսակցությունն ունի թե’ դրա հնարավորությունը, թե’ ռեսուրսը, ինչպես նաև սկզբունքային հակասություն գործող իշխանության հետ:
«Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ ունի աշխատանք կատարելու, և մենք որպես ընդդիմություն պատրաստ ենք ապագա խորհրդարանում հավասարակշռել դա՝ պարտադրելով, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն: Մենք նաև պետք է պարտադրենք, որ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնահարցի, երկրի ներքին զարգացման կարևորագույն ուղղությունների, տնտեսության և այլ հարցերի հետ կապված կառավարությունը լիարժեք կատարի իր խոստումները և ծրագրերը»,- հավելեց Վիգեն Սարգսյանը: