25.11.2024
Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանի հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ: Եվ ահա, ՀՀ Վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տեւած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է: «Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են` ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել եւ այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես, քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ու որոշում կայացնելիս հենվել է հենց նախկին նախագահի անձեռնմխելի լինել-չլինելու դրույթի վրա: Իսկ ահա մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով` խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել: Այնպես որ, հիմա վճռաբեկ դատարանում ցանկանում են գործը կրկին քննության ուղարկել` պահանջելով ուշադրություն դարձնել նաեւ այդ հանգամանքների վրա: Իսկ իրականում սրանով ժամանակ է ձգվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին «ՔՊ» վարչության քննարկումներից մեկի ժամանակ կառավարական հատվածը խնդիր է դրել, որ «Իմ քայլի» համամասնական ցուցակը կազմելիս միանգամից ամրագրվի, թե ովքեր են մնալու կառավարությունում, ովքեր են լինելու փոխվարչապետ, ովքեր՝ նախարար, ովքեր՝ ԱԺ նախագահ եւ տեղակալներ։ Այլ կերպ ասած՝ ապագա իշխանությունն ուրվագծվի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել այդ մոտեցմանը։ Այդպե՞ս է՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին։ «Ոչ, լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ բոլորն անխտիր մասնակցելու են ընտրություններին, ընդհուպ մինչեւ մարզպետներ, համայնքապետեր, ընդ որում՝ ռեյտինգային ընտրակարգով, ցուցաբերած արդյունքներով։ Հետագայում կորոշվի, թե ինչ կաբինետ է ձեւավորվելու»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ՀՀ կառավարության կազմը կարող է միանգամայն այլ տեսք ունենալ: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քաղաքական որոշում է կայացվել, որ իրենց անդամ նախարարները պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմա իշխանության ներսում քննարկումներ են ընթանում, որ եթե նախարարներից ոմանք ռեյտինգային ընտրակարգով հավաքեն բավարար քվե ու ընտրվեն պատգամավոր, ապա կվերցնեն իրենց մանդատը` պորտֆելը զիջելով այլ թիմակիցների, մանավանդ, երբ նախարարներից ոչ բոլորն են այս ընթացքում փայլել իրենց պրոֆեսիոնալիզմով: Ու եթե ակնհայտ են խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները` մեծամասնություն կկազմի «Իմ քայլը» դաշինքը, եւ Նիկոլ Փաշինյանը կրկին կընտրվի վարչապետ, ապա դեռ պարզ չէ ապագա կառավարության կազմը, թե ովքեր են լինելու նախարարները»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջն է։ Հատկապես բարդ ընտրության առաջ են ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է՝ ով ասես դիմել է իշխանությանը, միջնորդ մեջ գցել։ Տեղեկացանք, որ Փաշինյանի թիմում խիստ վրդովվել են հատկապես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջնորդությունից՝ նա ներկայացրել է իր մտերիմ Ռուստամ Բաքոյանին, ով ամենուր ասում է, որ ինքը Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի։ Իրականում վերջին ընտրություններին նա աշխատել է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Ալիկ Սարգսյանի օգտին, չնայած ցանկացել է Ավշարի Արայիկի համար աշխատել, բայց վերջին պահին կողմերը չեն «բարիշել»։ Նա հայտնի է նաեւ կրիմինալ շրջանակների հետ մտերմությամբ։ Բաքոյանը եզդի հեղինակություն Ջնդի Ամարյանի ազատության համար բողոքի ցույցերի ակտիվ կազմակերպիչն էր։ Ջնդին 2 տարի առաջ ձերբակալվել էր «շորթման» կասկածանքով։ Բաքոյանը ժամանակին Ջնդիին ազատելու խնդրագիր-նամակ էր հղել Սերժ Սարգսյանին»։


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, և կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի նախընտրական քարոզարշավի հիմնական թիրախը:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱՊԿ, ԵԱՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձեւական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։ Բուն զրույց-հարցադրումները տեղի են ունենում անդամ երկրների պատվին տրվող ընթրիքի, ճաշի սեղանների շուրջ՝ միասին կամ դեմ առ դեմ։ «Նիկոլին նման սեղանների շուրջ առանձնապես չեն կանչում, ԵԱՏՄ-ՀԱՊԿ վերնախավը երեւի մտածում է՝ հեղափոխականները ճաշ չեն ուտում, սնվում են միայն գաղափարներով, «պաչերով»,- կատակեց ՀԱՊԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը։ «Իրականում նրան չեն վստահում, ավելին, Նազարբաեւն ու Բատկան նրա ներկայությամբ կարեւորից ու «սրտամոտից» երբեք չեն խոսում, որովհետեւ, որքան էլ Նիկոլը Պուտինին ու Ռուսաստանին սիրաշահի, միեւնույն է, օտար է, Ռուսաստանում էլ չեն մոռանում, որ 20 տարի շարունակ նա խոսել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի դեմ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ կողմից ետ կանչելուց հետո Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը: Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը, իսկ ՌԴ-ն, որի տեսակետը ՀԱՊԿ-ում վճռորոշ նշանակություն ունի, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել: Ամեն դեպքում այդ կառույցում որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, եւ եթե որեւէ մեկը որեւէ տարբերակի վրա վետո դնի, ապա որոշում չի կայացվի: Մինչ այդ նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով»: Ու քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետեւաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, սակայն այստեղ առկա են նաեւ քաղաքական նյուանսներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտպանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր։ Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի կանչվել հարցաքննության»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է: Բայց ըստ մասնագետների` թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է: Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում` ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն թանկանալ, քանի որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում սովորաբար ընտրություններից հետո ամեն ինչ թանկանում է»:


«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գեղամ Շախբազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «HONDA FIT 1.3» մակնիշի ավտոմեքենա: Գեղամ Շախբազյանն անշարժ գույք չի հայտարարագրել: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 800 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 2 360 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին Գ. Շախբազյանը նշանակվել է սեպտեմբերին»: