24.11.2024
ԱԳՆ-ն խուսափում է կանխատեսումներ անել ՀԱՊԿ-ի հարցում
prev Նախորդ նորություն

Զանգ կախողներ են պետք. Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին։ Այս մասին նա հանդես է եկել հայտարարությամբ:


«Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել: Մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ: Յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ: Այս երկար տարիների ընթացքում ես, իմ ընտանիքի անդամները ջանացել ենք պարզ ու շիտակ լինել հասարակության առաջ: Պատգամավորական մանդատը, մեր հնարավորությունները փորձել եմ ծառայեցնել երկրի զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքի բարելավմանը: Արել եմ, ինչ կարողացել եմ: Վստահեցնում եմ՝ պետական դիրքը երբեք չեմ օգտագործել անձնական շահի կամ ավելի մեծ իշխանություն ունենալու համար: Քաղաքական հարաբերություններում բաց ու անկեղծ եմ եղել: Այսօր ես որոշում եմ կայացրել:


Չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ: Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել: Շնորհակալություն օրենսդիր-գործադիր մարմինների բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հատկապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ովքեր վստահել և հավատացել են ինձ: Հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, անհրաժեշտության դեպքում համապետական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում, գնահատական հնչեցնելու համար պատգամավորի մանդատ ունենալը պարտադիր չէ:


Ես շարունակելու եմ լինել Ձեր կողքին, իմ պետության հետ, շարունակելու եմ կարողություններիս սահմանում ծառայել մարդկանց: Իմ ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու: Նոր ձևավորվելիք իշխանություններին հորդորում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնահարցերին, դրա կարևորագույն բաղադրիչ, հիմքերի հիմք տնտեսական քաղաքականությանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: Խոստումների, ճառեր ասելու ժամանակներն անցել են: Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու:


Իմ համակիրներին, ընտրողներին խնդրում եմ պատասխանատվությամբ մոտենալ առաջիկա ընտրություններին և քվեարկել խղճի մտոք: Միայն այդ պարագայում կկարողանաք պահանջատեր լինել և չհիասթափվել: Միայն այդ պարագայում կկարողանաք Ձեր զավակների արժանապատիվ ապագայի հիմքերը դնել: Դարձյալ շնորհակալություն: Համոզված եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ ենք ունենալու»,-ասված է տարածված հայտարարությունում։