ՀՀ-ն Իրանի հետ սահման փակելու մտադրություն չունի. ԱԳՆ
Ի՞նչ քայլերի են պատրաստ ՀՀ-ն և ԱՀ-ն Իրանի հետ սահմանի փակման դեպքում, ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հղում տալով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Իրանի հետ սահմանը դեֆակտո կարող է ամեն պահի փակվել:
Մնացականյանն ի պատասխան նշեց, որ նման մեկնաբանությունը ավելի շատ վերաբերում է մարտահրավերներին, այլ ոչ թե որևէ կողմից սահման բացել կամ փակելու մտադրությանը. գրում է Aysor-ը:
«Խոսքն ավելի շուտ մարտահրավերների խորության մասին է և տարբեր զարգացումների, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ազգային շահերի վրա: Այստեղ մենք բավականին զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք աշխատանքներ: Մեր արտաքին քաղաքականության մեջ բոլոր անմիջական դերակտարաների հետ ունենք գոծընկերական հարաբերություններ և այդ երկխոսության միջոցով փորձում ենք առնչվել մարտահրավերներին՝ նպատակ ունենալով նվազեցնելու ռիսկերը», - ասաց նա: