23.11.2024
ՀՀ և Լիբանանի ՊՆ-ները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր
prev Նախորդ նորություն

Ստվերը կրճատվել է, բայց դա հաշվարկելի երևույթ չէ. ՊԵԿ նախագահ

Վերջին ամիսներին ստվերի կրճատման ուղղությամբ բավականին խորքային աշխատանք է կատարվել, բայց այն հաշվարկելի չէ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում ընթացող 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:


Նրա խոսքով, պատճառը նրանում է, որ ստվերի դեմ պայքարը տարվում է միկրոմակարդակում:


«Մենք չունենք այն համակարգը, որն ուզում ենք մեզ մոտ կայացնել: Նոր համակարգի տրամաբանությունն այն է լինելու, որ գնահատվի ստվերը ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա հասցեական աշխատանք տանել միկրոմակարդակում եղած խաղացողների հետ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 2019 թվականին ևս նախատեսվում է ներմուծել ստվերի գնահատման վերը նշված մեխանիզմը:


Անանյանը նշեց, որ անելիք շատ կա: Օրինակ, առաջին հերթին պետք է այնպես անեն, որ կառույցն ինքնամաքրվի ներսից: ՊԵԿ նախագահը հավաստիացրեց՝ արմատական փոփոխություններ են կատարելու.


«Մեր այն ընկերները, որ 20 տարուց ավելի աշխատել են, բայց այլևս նոր աշխատանք ստեղծելու կամ իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, նրանց պետք է ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն՝ նրանց կպահենք», - ասաց բանախոսը:


Բացի այդ, նպատակադրվել են անել այնպես, որպեսզի հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ նորմալ երևույթ, առօրյա պարտավորություններից մեկը: 


Դավիթ Անանյանը հավաստիացրեց, որ հաջորդ տարի ստուգումների ծավալն իջեցնելու են: Սա նշանակում է, որ այսուհետ հսկողական գործառույթ ասելով պետք է հասկանանք օնլայն աշխատանքի ավելացում, վերլուծական բաժինների կարողությունների զարգացում, ինչի արդյունքում ստուգողների քանակը կկրճատվի: