ՀՀ-Իրան սահմանը կարո՞ղ է ամեն պահ փակվել. Աշոտյանը՝ Փաշինյանի «վտանգավոր» խոսքերի մասին
Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք նաև, որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր:
ԱՄՆ-ով կամ որևէ այլ երկրով պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի:
Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնայք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք:
Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք: Աղմկահարույց հայտարարություններից հետո պատրաստ եղեք առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։