24.11.2024
Սիրիան կարող Է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել
prev Նախորդ նորություն

Շառլ Ազնավուրի անունով փողոց եւ պուրակ կանվանակոչվի Ախալքալաքում

Այսօր, հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի Սակրեբուլոն քաղաքի Մալխասյան փողոցը վերանվանել է Շառլ Ազնավուրի անվամբ, և Աղմաշենեբելի խաչմերուկի հարևանությամբ գտնվող պուրակը ևս անվանակոչել աշխարհահռչակ երգչի անունով:


Հոկտեմբերի 31-ին կայացավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի և Սակրեբուլոյի նիստը: Օրակարգը բաղկացած էր երկու հարցից, գրում է jnews.ge-ն:


Քաղաք Ախալքալաքի Մալխասյան փողոցը Շառլ Ազնավուրի անվամբ վերանվանելու և Աղմաշենեբելի-Մալխասյան խաչմերուկում գտնվող պուրակը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին:


Բնակիչները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որպեսզի մեր քաղաքի փողոցներից մեկը վերանվանվեր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունով: Այդպիսով ախալքալաքցիները իրենց մեծարանքն ու հարգանքն են արտահայտում ֆրանսահայ երգչին:


Նշենք, որ հոկտեմբերի 1-ին իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:


Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:


Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։


Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։