25.11.2024
Թրամփին կշնորհեն Նոբելյան մրցանակ. Բոլթոնի կանխատեսումը
prev Նախորդ նորություն

Ամերիկահայ թեկնածուները միջանկյալ ընտրություններում միտված են հաղթելու

Դաշնային մակարդակով ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ առաջադրված է չորս ամերիկահայ թեկնածու: Իր տեղի համար է պայքարելու 1992-ից Կոնգրեսում ներկայացված հայ մոր եւ ասորի հոր դուստր Աննա Էշուն, ով Կոնգրեսում ներկայացնում է Սիլիկոնի հովիտը եւ համարվում է Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկը:


Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Ջեքի Սփիր-Կանչելյանը, ում մայրը նույնպես հայ է, իր քաղաքական ուղին սկսել է հերոսական պատահարից։ 1978-ին, լինելով կոնգրեսական Լիո Ռայանի օգնականը, նրանց ինքնաթիռն օդանավակայանում հարձակման է ենթարկվել Մարդկանց տաճար աղանդի հետեւորդների կողմից: Հարձակման արդյունքում կոնգրեսական Ռայանի հետ միասին զոհվել էր եւս չորս մարդ: Երիտասարդ Սփիր-Կանչելյանը հրազենային հինգ վնասվածքներով 22 ժամ սպասել է օգնությանը: 2008 թվականից ի վեր դեմոկրատ Ջեքի Սփիր-Կանչելյանը կոնգրեսական է, իսկ վերջին տարիներին հանդիսանում է նաեւ Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ:


56-ամյա Դանիել Թարխանյանը Նեւադայում Հանրապետական կուսակցության թեկնածուն է: Դանիելի հայրը Ջերի Թարխանյանը Լաս Վեգասում տեղի բնակիչների համար լեգենդ էր: 1973-ին դառնալով տեղի համալսարանի բասկետբոլի թիմի մարզիչը՝ նա գրեթե երկու տասնամյակ իր թիմը ԱՄՆ-ի քոլեջի բասկետբոլի չեմպիոնի էր հասցնում: Ինքը՝ Դանիել կամ Դենի Թարխանյանը ստացել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը եւ համոզված է, որ նոյեմբերի 6-ին հաղթելու է:


Կոնգրեսի հայ թեկնածուներից առավել երիտասարդը՝ Էնթոնի Բրինդիսին ծնվել է 1978-ին: Ավարտելով անվանի Ալբանիի իրավունքի դպրոցը՝ Բրինդիսին աշխատել է հոր հիմնադրած իրավաբանական ընկերությունում, այնուհետեւ 2011-ից ներկայացված է եղել Նյու Յորքի նահանգային խորհրդարանում: Հարցումների համաձայն, Բրինդիսին ունի հաղթելու հնարավորություն, մեկ տոկոսով առաջ անցնելով իր մրցակից հանրապետական Քլոդիա Թենիից:


Բազմաթիվ ամերիկահայեր նոյեմբերի 6-ին պայքարելու են նաեւ նահանգային խորհրդարաններում եւ քաղաքային խորհուրդներում ներկայացված լինելու համար: Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Ջըրզի, Մերիլենդից մինչեւ Մեյն, Նյու Համշիր, Քենթաքի եւ Ռոդ Այլենդ՝ բազմաթիվ նահանգներում ներկայացված են լինելու Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները: