Հակամարտող երկրներին զենքեր վաճառելը ճիշտ չէ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևանում հնչեցրած հայտարարությունը, որում նա համեմատություն էր անցկացրել ամերիկյան ու ռուսական սպառազինության միջև և կոչ արել ՀՀ-ին գնել ամերիկյան ռազմատեխնիկա, Բղդասարյանը նշեց.
«Ըստ պայմանավորվածության միջազգային կոնվենցիաների՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ դա կվերաբերի Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին, քանի որ դա ավելի է լարում իրավիճակը։ Եվ ընդհանրապես, այդքան էլ ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել կողմերին, թե ում զինատեսակներն են ավելի հզոր ու ավելի լավը», - ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ հայկական կողմը չի գնում պատերազմի, այլ գնում է խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացներով խնդրի կարգավորմանը, որը նաև համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներին.
«Իհարկե, եթե իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է նաև մտածենք մեր ռազմական հզորացման մասին, այստեղ մասնագետների կարծիքը կարևոր է՝ ինչն է նպատակահարմար ու ինչպես պետք է մենք զինվենք»։
Նա նաև մեկնաբանեց Բոլթոնի այն հայտարարությունը, թե վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցով.
«Ես դրա հանգուցալուծումը չեմ տեսնում։ Այն տարբերակներին, որոնք քննարկվում են, և′ Արցախի ժողովուրդը, և′ Հայաստանի ժողովուրդը, և′ Ադրբեջանի ժողովուրդը դեմ է՝ դրան դեմ են բոլորը։ Չեմ պատկերացնում, թե ի՞նչ կարգավորումներ կարող են լինել և ինչպիսի ընդհանուր հայտարար կարող է լինել։ Պետք է մի քիչ ավելի բաց տեքստով խոսեն, թե ի՞նչ պայմանների դեպքում է այդ հանգուցալուծումը պատկերացնում: Առաջնային խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման խնդիրն է, և դրանից հետո կա բանակցային փուլ։ Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվեն բանակցային գործընթացում, չեմ կարող ասել», - հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը: