ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երեւան այցի ու հանդիպումների հիմնական թեմաներից է եղել Իրանի, Սիրիայի ու ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: Այս մասին ամմուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին: Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ԱՄՆ-ի համար առաջնահերթ են և կարևոր: Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Նաև անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձևավորված իրավիճակին: Կարևորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը»,- ասաց նա:
Բոլթոնը նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի կողմից Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցին։ «ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական աջակցություն ցուցաբերում է, և այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի մասով, մյուս կողմից՝ ահաբեկիչների։ Լայնածավալ մարդասիրական աջակցություն է այստեղ իրականացվում», - ասաց Բոլթոնը։
Նա ասաց, թե հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն ասել է, որ օգնությունը լինելու է մարդասիրական աջակցությունը։ «Նախագահը նշեց, որ այն ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Ցանկացած երկրի, ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա։ Այս պահին արդեն իսկ 7-8 մարտնչող կողմ կա և այլ երկրի համար այնտեղ որպես կողմ ներգրավվելը, կարծում եմ, սխալ է», - նշեց Ջոն Բոլթոնը։
Նրա խոսքով՝ Հայաստանում իր հանդիպումների շրջանակում քննարկումներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: «Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից»,- ասաց նա՝ ավելացնելեով, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը բարդ է, եթե այն հեշտ լիներ, ապա արդեն վաղուց կարգավորված կլիներ:
«Ես չեմ եկել այստեղ ազդարարելու ամերիկյան քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն կամ նոր առաջարկներ անելու մասին»,- ասաց նա՝ նշելով, որ կողմերը պետք է կարողանան գտնել լուծումը: