27.11.2024
Ալիևը հաստատել է Վրաստանի և Թուրքիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ․ Արամ Ա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են նախաագահի մամուլի ծառայությունից։


Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել:


«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին», - ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետև Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլև հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:


Նախագահը վստահություն է հայտնել, որ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր և հետագա տարիներին Արամ Առաջին կաթողիկոսը նույն եռանդով, ոգով ու երիտասարդական ավյունով է ծառայելու եկեղեցուն, հայրենիքին և մեր ժողովրդին:


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ իր հիսնամյա ծառայության մեջ հայրենիքը, հոգևոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Արամ Առաջինն իր հերթին բարձր է գնահատել հանրապետության նախագահի ծառայությունը հայրենիքին:


«Հայաստանի նախագահը, վարչապետը, հայրենիքին ծառայողները որոշ իմաստով առաքյալներ են՝ կոչումի գիտակցությունն ունեցող», - ասել է Արամ Առաջինը:


Վեհափառն ընդգծել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հոգևորականի ծառայության մեջ առաջնային տեղ պետք է ունենա:


«Վստահեցնում եմ, որ նույն հանձնառությամբ, առավել թափով պետք է շարունակեմ ծառայությունս Հայաստանին ու հայ ժողովրդին», - նշել է Արամ Ա կաթողիկոսը:


Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝ այն համարելով ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը:


«Համաձայն եմ, որ եթե ունենք ազգային ինքնության, պետականության մի քանի կարևորագույն սյուներ, ապա առաջինը Հայ առաքելական եկեղեցին է, որը 700 տարուց ավելի փոխարինել է պետականությունը, պահպանել է մեր ազգային ինքնությունը, հավաքել է ժողովրդին իր շուրջը, օգնել է ժողովրդին չմոռանալ լեզուն, մշակույթը, ապրել հույսով ու այդ հույսը դարձնել առաքելություն՝ ունենալու սեփական անկախ պետությունն ու պետականությունը», - ասել է նախագահ Սարգսյանը՝ շարունակելով. - «Ինչպես նշեցիք՝ և պետական ծառայության մեջ ներգրավված անհատները, և եկեղեցու սպասավորներն առաքյալներ են, մարդիկ, ովքեր ունեն առաքելություն, և այդ առաքելությունն ունի տարբեր ճյուղեր: Դրանցից մեկին մենք հասել ենք՝ մեր պատմական Հայաստանի փոքր մասում ստեղծել ենք պետականություն, ընդ որում` ոչ թե մեկը, այլ երկուսը, սակայն առաքելությունը դրանով դեռ չի ավարտվելու: Առաքելությունները մեծ են, հետևաբար, շատ էական է, որ ոչ միայն մեր բոլոր հայրենակիցները հարգանքով լցվեն մեր երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ, այլև հպարտությամբ լցվեն իրենց ազգային էության նկատմամբ, գնահատեն այն առաքելությունը, որը պետությունը և մեր ժողովուրդն ունեն, ու գնահատեն Առաքելական եկեղեցու դերը, որը մեր ազգային սյունն է»:


Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դարձել է մեր հոգևոր հայրենիքը, և եկեղեցի-պետություն հարաբերությունը, գործակցությունը միշտ սերտ է եղել. - «Բնականաբար, յուրաքանչյուրն ունեն տարբեր դերակատարություններ, բայց, ի վերջո, դրանք մի կետում հատվում են: Այդ կետը ժողովուրդն է, հայրենիքը: Հետևաբար ես հավատում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ: Հայրենիքը պատկանում է բոլորիս, և մենք հայրենիքի հզորացման առաջ պարտավորություն ունենք»:


Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին՝ իր նվիրումի համար: