24.11.2024
Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետեւ գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձեւավորվելու է միակուսակցական պառլամենտ, եւ, որ կարեւորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի գո՞րծը։ «Այդ առնչությամբ եւս նա անհանգստություն չունի, գտնում է, որ ընտրություններից հետո այն եւս կմարի»։ Ըստ նույն աղբյուրի՝ օրերս Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հանդիպել են, քննարկել ընտրությունների, ապագա զարգացումների խնդիրները։ «Երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաեւ Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չտորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում եւ՝ փողոցային-միտինգային։ Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են․ «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ի՞նչ է լինելու»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008թ. գումար էր փոխանցել Սամվել Մայրապետյանին։ Նրա և Մայրապետյանի միջև առերեսում էր իրականացվել, որից հետո Սիլվա Համբարձումյանը հաստատել էր առերեսման փաստը, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Համբարձումյանի փոխանցած գումարներով Երևանում շենքեր են կառուցվել, իսկ գումարի մի մասն էլ վճարել են Օսկանյանի հրավերով Հայաստան եկած արաբները։ Վարդան Օսկանյանի բաժինը վճարել են Երևանի Կենտրոնում գտնվող նորակառույցների մի քանի բնակարաններով»։


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղպայմանագրում» եւ կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլեւ քննարկում ապագա ԱԺ նախագահի եւ տեղակալների թեկնածությունների հարցը։ ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաեւ գենդերային խնդիր կլուծի։ Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված՝ նախկին 4-ից մեկի փոխարեն նոր Ընտրական օրենսգրքով 3-ից մեկն է լինելու կին, իսկ կին քաղաքական գործիչների պակաս Հայաստանում միշտ է եղել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի: Եւ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, թե՞ ոչ: Այս հայցն ուշագրավ է այնքանով, որ Արմեն Դանիելյանը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, 2008 թվականի մարտի 1-ին եղել է խորհրդարանում, վավերացրել աղմկահարույց որոշումները՝ ընդդեմ ՀՀ քաղաքացիների, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նշանակվեց դատախազի տեղակալ՝ կոռուպցիոն գծով, բայց այդպես էլ աղմկահարույց կոռուպցիոն մեխանիզմներ չբացահայտվեցին: Հետաքրքիր է՝ ինչու 5 ամիս առաջ Դանիելյանի մտքով չէր անցնում դատի տալ Ս. Սարգսյանին: Թերեւս համարձակությունը չէր բավարարում այդ հանդգնության համար: Ինչպես ասում են՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում: Օրեր առաջ «գրավյալ տարածքներ» ձեւակերպմամբ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարություն հնչեց ՀՀ-ում իր դեսպանի առաքելությունն ավարտող Ռիչադ Միլսի կողմից, որը ոչ միանշանակ ընդունվեց: Իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, ակտիվացում է նկատվում եվրոպական կողմից: Մասնավորապես, մի քանի օր շարունակ Արցախում է եղել եւ անգամ Բակո Սահակյանին հանդիպել Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս նշեց, թե Արցախ էր այցելել եւս մեկ անգամ մեսսիջ հղելու, որ արցախցիները պետք է ամեն ինչ որոշեն: Նրա խոսքով` պետք է ճանաչվի Արցախի անկախությունը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետեւանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանելով, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում: ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Թվում էր, թե խնդիրը կարգավորված է, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ն` իր ոճին հավատարիմ, քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել, եւ օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել եւ հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը: Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. Կառավարությունը, օրենսդիր մարմինը գործել են հասարակության թիկունքում՝ մարդկանց չտեղեկացնելով կատարված այդքան կարեւոր փոփոխության մասին: Ինչ խոսք, դա ՀՀԿ-ին հատուկ ձեռագիր է: Բայց այս իրավիճակում տարակուսելի է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահվածքը, որը կոորդինացնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 1 ամիս 13 օր է` ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին, որոշ վարորդներ մինչեւ 800 ԱՄՆ դոլար արդեն տուգանք են մուծել այնտեղ կայանելու համար, բայց ՀՀ կառավարությունը խնդրին լուծում չի տալիս: Սա էլ անպատասխանատվության այլ դրսեւորում է: