Լեւոն Հայրապետյանի մահվան վարկածը վերստուգվում է. հնարավոր է նրան թունավորել են
Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի ուսումնասիրության է ենթարկելու 2017-ին մոսկովյան բանտում մահացած հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Մասնավորապես, «Կոմերսանտը» զրուցել է Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսեսյանի հետ, և վերջինը տեղեկացրել է, որ 2017-ի հոկտեմբերի 16-ին երկու ծանոթ տղամարդիկ Մոսկվայից քրեակատարողական հիմնարկի ծառայողների միջոցով Հայրապետյանին են փոխանցել դեղամիջոցներ։ Հաջորդ օրը Հայրապետյանն ընդունել է դրանք և շատ արագ մահացել։
«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան եղբորը և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել նրանց, որ իրեն թունավորել են», - ասել է փաստաբանը։ Նրա փոխանցմամբ, Հայրապետյանն ասել է, որ երկար չի ապրի և հորդորել է իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Իսկ քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել են, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել։
Փաստաբանը նշել է, որ Հայրապետյանի մերձավորները կարող էին հետաքրքրված լինել նրա մահվան մեջ։ «Հայրապետյանի ժառանգության ամբողջ գումարը կազմում է 100 մլն դոլար՝ ներառյալ շարժական ու անշարժ գույքը։ Եվ եթե Լևոնը դուրս գար ազատության մեջ, ապա ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով կարող էր անդամներից մեկին զրկել ժառանգությունից, ինչը նրանց ձեռնտու չի եղել», - բացատրել է Ներսեսյանը։
Փաստաբանը դիմել է դատախազություն, և քննչական խումբը սկսելու է գործարարի մահվան հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրությունը։
Հիշեցնենք՝ Լևոն Հայրապետյանը մահացել էր 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, բանտում՝ 4 տարի անազատության մեջ մնալուց հետո։